Կրթության համակարգում արմատական փոփոխություններ են նախատեսվում, կվերանա բուհերի կառավարման ներկա մեխանիզմը. Լևոն Մկրտչյան

443

Կրթությունը կարիք ունի որակական փոփոխությունների, և մենք այս մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ հիմք ստեղծեցինք դրա համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` անդրադառնալով կրթության ոլորտի բարեփոխումներին:

«Հանրակրթության մեջ ամբողջությամբ ձևակերպվեցին մի քանի ուղղություններ` էլեկտրոնային կրթություն, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթություն, հանրային քննարկման համար կհրապարակվի օտար լեզուների հայեցակարգը, կլինեն խորացված օտար լեզուներով դպրոցներ և սովորական դպրոցներ»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում դպրոցական ծրագրերում բնական գիտությունների կտրուկ ծավալի մեծացման ուղղությամբ, և մեծ փոփոխություններ են նախատեսել բարձրագույն կրթության համակարգում:

«Սեպտեմբերին օրենքը վերջնականապես կներկայացվի Ազգային ժողով, որը նախատեսում է բարձրագույն կրթության համակարգի արմատական փոփոխություն: Օրենքով կտրուկ մեծանում է բուհերի ինքնավարությունը, հավատարմագրման դերը, վերանում է բուհերի կառավարման ներկա մեխանիզմը: Մենք այս տարի կարողացանք դառնալ եվրոպական հավատարմագրված համակարգի լիարժեք անդամ և 2018 թվականից կկարողանանք անցկացնել բուհերի լուրջ հավատարմագրման գործընթաց»,-ասաց նա:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ այսօր Հայաստանում կա 87 հազար ուսանող և մոտ 70 բուհ, իսկ աշխարհում այդպիսի թիվ չկա: Ըստ նրա`չի կարող որակ լինել մի տեղ, որտեղ 200 ուսանող կա:

«Դա նաև կոռուպցիոն իմաստով լուրջ մտահոգություններ է առաջացնում: Մենք ունենք միջին մակարդակի եվրոպական կրթություն, բայց մեր առաջ կանգնած մարտահրավերներն այնպիսին են, որ մենք կարիք ունենք կտրուկ բարեփոխման. կրթության որակը ընդհանուր առմամբ մեզ չի բավարարում, դա միանշանակ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներին, ապա նա նշեց, որ ժամանակացույցը հստակ կատարելով գնում են առաջ և մեկ-երկու տարվա մեջ շոշափելի արդյունք կունենան: Նա նկատեց, որ նույնիսկ Անգլիայում մարդիկ ամենաշատը դժգոհ են կրթության ոլորտից:

Ինչ վերաբերում է հարցին, թե մտահոգություն չունե՞ն, որ բարեփոխումներ ասվածի ներքո իրականում ավելի սուր խնդիրների առաջ կկանգնեն, նա ասաց. «Իմ սկզբունքն այն է, որ ինչ բարեփոխումներ էլ մենք անենք, իրավունք չունենք եղածը քանդել, եղածը պետք է միայն լավացնենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ օպտիմալացումը չի՞ հանգեցնի  մի խնդրի, ինչպիսին եղավ մանկապարտեզների պարագայում, երբ մանկապարտեզները փակվեցին, և այժմ էլ դրանց բացակայությունն է խնդիր, նախարարն ասաց, որ յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա 300-350 աշակերտ` հաշվի առնելով նաև բնական աճը:

«Կոնդի դպրոցը ունենք, որտեղ 40-60 աշակերտ է մնացել, 500 մետրի վրա 3 դպրոց կա, հիմա այս դպրոցի արհեստական պահելը ի՞նչ պետք է տա: Երևանում մենք խնդիր ունենք, որ շուրջ 30 տոկոս դպրոցները գերծանրաբեռնված են, երկու հերթով են աշխատում, այդքանն էլ թերբեռնված է: Եթե մի դպրոց երկու հերթով է աշխատում և լավն է համարվում, ժողովուրդը վստահում է, ապա մյուս դպրոցը կարելի է տալ կառավարման այդ դպրոցին, և երբ խոսում ենք ռացիոնալացման մասին, դա նկատի ունենք»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ դպրոցի տնօրենից շատ բան է կախված:

«Որակյալ մանկավարժությանը նվիրված առաքելությունը գիտակցող դպրոցի տնօրենը հրաշքներ է գործում նույնիսկ շենքային շատ վատ պայմաններ ունեցող դպրոցներում, կարող եք մարզեր գնալ և տեսնել: Իսկ մի տնօրեն, որը չի հասկանում, թե ինքը ինչու է տնօրեն կամ որևէ այլ ձևով է մտել, մեկի կինն է, որը չի ուզում տանը նստել, այդ տնօրենին տարեք ամենալավ դպրոցը, մի քանի տարի հետո կոչնչանա: Կառավարման խնդիրներ ունենք և արմատապես պետք է դա նայենք»,-ասաց նա:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ