Հայաստանում լինելու է մեկ պետական լեզու և այդպես լինելու է միշտ. Արմեն Հովհաննիսյան

133

Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք իրենց պատկերացումներով արևմտամետ են կամ ռուսամետ են, հակառակվում են մեր լեզվին, հայոց պետականությանը: Այսպիսի հայտարարություն արեց «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանը «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալը» թեմայով քննարկմանը:

«Եկեք տարանջատենք արևմտամետ և ռուսամետ մոտեցումները լեզվի խնդրից և մեր պետական ինքնորոշման խնդրից: Կան ծայրահեղականներ, որոնք, այո, կարծում են, որ Հայաստան պետություն ընդհանրապես չի կարող լինել, պետք է լինի ռուսական մարզ ՌԴ կազմում: Բայց բնականաբար, դրանք չնչին փոքրամասնություն են: Այդ չնչին փոքրամասնությունը բոլոր իմաստներով պետք է արհամարհել»,- առաջարկեց Արմեն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է մնացածին, ապա, նրա կարծիքով, լեզվի հանդեպ հասարակության վերաբերմունքը մեր հիմնարար արժեքներից է, որը միավորում է մարդկանց՝ անկախ համոզմունքներից, սոցիալական խմբերից և այլն: Ճնշող մեծամասնության համար հայերենի պաշտոնական վիճակը, գոնե այդ մակարդակով փոփոխելն անընդունելի է:

«Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամը համոզված է, որ ցանկացած հարցման արդյունք  կհաստատի դա:

«Ինչ վերաբերում է այն մարդկանց, ում մեջ դրական սպասումներ են արթնանում ռուսերենը պետական լեզու ընդունելուց, ապա նրանք շատ մեծ հնարավորություն ունեն ապրելու երկրներում, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, դրանք մի քանիսն են և բացարձակ հարմարավետ կարող են գնալ ապրել Ռուսաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և այլն: Հայաստանում լինելու է մեկ պետական լեզու: Եղել է 70-ական թվականների վերջից, նույնիսկ Խորհրդային ժամանակներից և այդպես լինելու է միշտ»,- ասել է Արմեն Հովհաննիսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ