Տղա-աղջիկ նորածինների հարաբերակցությունը կայունացել է, սակայն երևույթը դեռ մտահոգիչ է

335

Թեև տղա-աղջիկ նորածինների հարաբերակցությունը վերջին տարիների ընթացքում կայունացել է, այդուհանդերձ երևույթը շարունակում է մնալ մտահոգիչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները՝  ամփոփելով «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում 2015-2017թվականններին իրականացրած աշխատանքները:

ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը ներկայացնելով  արդյունքները՝  հիշեցրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2011 թ. հետազոտությունը, որի արդյունքում պարզվել էր՝ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը, այսինքն՝  1990-ականներից ի վեր,  Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2011 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Գյուղական համայնքներում ցուցանիշն անհամեմատ ավելի  բարձր էր՝  124 տղա՝ 100 աղջիկա դիմաց: Մինչդեռ  բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

Այս թիվը նվազեցնելու համար «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) « «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ իրականացրել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը: Օժանդակություն են ստացել նաև ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարություններից:

Արմեն Գալստյանի խոսքերով՝ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում էր հասնել երեխայի սեռի կանխակալ ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների նվազագույնը 15%-անոց դրական փոփոխության, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը՝ առնվազն 10%-ով։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ նշեց, որ 2017 թվականին հրապարակված պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ արդեն նկատելի էր որոշակի դրական փոփոխություն. «Եթե 5 տարի առաջ ծնվում էր 115 տղա՝ 100 աղջկա դիմաց, ապա հիմա այս հարաբերակցությունը փոխվել է. 100 աղջիկ՝ 112 տղայի դիմաց, ինչը նշանակում է, որ շեղումը կրճատվել է»:

Անդրադառնալով  պտղի սեռի ընտրության պատճառների վերլուծությանը՝ նա նշեց, որ եթե 2011 թվականին հետազոտության մասնակից կանայք նշում էին՝  հասարակության 60%-ը նախապատվությունը տալիս է տղաներին, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 36.7%:

«Հարցին՝ արդյոք ընտանիքում նախընտրում են տղա ունենալ, եթե 2011-ին դրական էր պատասխանում կանանց 45,3%-ը, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 12.9%»,- նշեց Վահան Ասատրյանը:

Հետազոտությունը նաև փաստում է, որ սեռի խտրական ընտրության վրա հիմնական ազդող գործոններից մեկը սոցիալական միջավայրն է, դրանում առկա գենդերային կարծրատիպերը:

«Ինչպես տվյալներն են ցույց տալիս, հատկապես գյուղական վայրերում՝ սկսած առաջին երեխայից, նախապատվությունը տալիս են տղային: Իհարկե Հայաստանում տղա երեխայի նախապատվությունը պայմանավորված է ոչ թե աղջիկ չունենալու, այլ գոնե մեկ տղա ունենալու մղումով: Եթե ընտանիքում նախատեսում են 1-2 երեխա ունենալ, իսկ առաջին երեխան աղջիկ է, երկրորդն էլ է աղջիկ, շատ դեպքերում տղային նախապատվություն տվող ընտանիքները մտածում են պտղից ազատվելու մասին»,- ասաց Վահան Ասատրյանը:

Հետազոտության շրջանակներում կարևորվել է նաև ապագա երեխայի սեռի նախապատվության հարցը: Հարցված կանանց 64 տոկսոսը նշել է, որ տղայի նախապատվությունը պայմանավորված է  նրանով, որ տղան տոհմի շարունակողն է, հարցվածների 1/3-ը նշել է՝ ունեցվածքի ժառանգը, 17 տոկոսը՝ հայրենիքի պաշտպանն է:

Աղբյուր` Panorama.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ