Հայ ուսանողներն 8 մեդալ են նվաճել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում

88

Հայաստանը ներկայացնող ԵՊՀ, Ամերիկյան ու Սլավոնական համալսարանների թիմերը երկուական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի ունեցած 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային (IMC)։

ԿԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, Երևանի պետական համալսարանը 4 մասնակից էր ներկայացնում, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գևորգյանը և Վազգեն Միքայելյանը, արժանացել են ոսկե, իսկ Ավետիք Կարագուլյանը և Գևորգ Մնացականյանը՝ արծաթե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է և անհատական, և թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում զբաղեցրել է պատվավոր 15-րդ տեղը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 7-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար: Մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 15-րդ տեղը: Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող Արտյոմ Քոսյանը և Սլավոնական համալսարանի սան Հրաչյա Քոչարյանն արժանացել են բրոնզե մեդալների:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել և մարզել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, որը թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 4-րդն էր:

Առաջին տեղը զբաղեցրել է Իսրայելի ազգային թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Պետերբուրգի պետական համալսարանի և Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի թիմերը:

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը, նրան մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ