Թրամփը «խելամիտ» է անվանել Կիմ Չեն Ընի որոշումը

130

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խելամիտ և հիմնավորված» է անվանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի որոշումը՝ հետ կանգնել Գուամի ուղղությամբ հրթիռային հարվածի սպառնալիքների հարցում: Այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր էջում, հայտնում է Fox News-ը:

«Կիմ Չեն Ընը շատ խելամիտ և հիմնավորված որոշում է ընդունել: Այլ որոշում աղետալի և անընդունելի կլիներ»,- գրել է նա:

Երեքշաբթի հաղորդվել է, որ Կիմ Չեն Ընը ստացել է Գուամ կղզու ուղղությամբ հրթիռային արձակման ծրագրի մասին ռազմական հրամանատարության զեկույցը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարգադրել է զինվորականներին պատրաստ լինել ցանկացած պահի հարվածել ԱՄՆ-ին պատկանող տարածքներին:

Հյուսիսկորեական կառավարությանը մոտ աղբյուրների փոխանցմամբ՝ Փհենյանը մտադիր էր 4 հրթիռ արձակել դեպի Գուամ:

Միևնույն ժամանակ, Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնել է, որ Կիմ Չեն Ընը «ցանկանում է փոքր-ինչ էլ հետևել յանկիների անխոհեմ և հիմար արարքներին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել իր ռազմական հնարավորությունների ամբողջ սպեկտրը Փհենյանի միջուկային սպառնալիքից պաշտպանվելու համար:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ շարունակում է խիստ լարված մնալ: Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ «Փհենյանի նկատմամբ ռազմավարական համբերության ժամանակաշրջանն արդեն ավարտված է» և որ միջուկային ծրագիրն ակտիվ զարգացնող Հս. Կորեայի դեմ, հնարավոր է, ռազմական ուժ կիրառվի: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը սպառնում է ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ