Հիմնականում վտանգի տակ են տափաստանային տարածքները. Հ. Խանգելդյանը՝ օգոստոսի 22-ից 26-ը ՀՀ-ում սպասվող բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին

110

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը օգոստոսի 22-26-ը կանխատեսել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Խոսրովի արգելոցի», Արտավանի, Լոռու հրդեհների կրկնության հավանականության, վտանգի աստիճանի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանի հետ:

-Պարո՛ն Խանգելդյան, անտառային վերջին հրդեհներից հետո, ինչը ոմանք անվանեցին անգամ բնապահպանական ողբերգություն, ի՞նչ գործոններով է պայմանավորված հրդեհավտանգ իրավիճակը:

-Հրդեհավտանգ իրավիճակը պայմանավորված է ջերմաստիճանի բարձր ֆոնով: Բնականաբար, նախորդ նախազգուշացումների նման այս անգամ էլ զգուշացվում է՝ իրոք բարձր է վտանգը: Չորային կլիմա է, տեղումներ չկան, առաջիկայում չեն էլ սպասվում: Բոլոր այն տեղերում, որտեղ կան չորացած խոտածածկեր, որտեղ տևական ժամանակ չի ջրվել, բուսածածկույթը բավականին չոր է, պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակը:

– Հանրապետության հատկապես ո՞ր հատվածներում է առավել հրդեհավտանգ իրավիճակ:

-Բոլոր այն տարածքներում, որտեղ կա բուսածածկույթ, որը չորացած է: Հիմնականում վտանգավոր են տափաստանային տարածքները, որտեղ խոտածածկ տարածք է մեծամասամբ ու անտառներ, որտեղ հրդեհը շատ արագ կարող է տարածվել:

-Հաշվի առնելով, որ «Խոսրովի անտառը» նոր է մեկուսացվել, այնտեղ կարո՞ղ է նոր հրդեհ բռնկվել: 

-Խոսրովի անտառում շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, ԱԻՆ փրկարարական ծառայության մի քանի ստորաբաժանում՝ մոտ 30 հոգի անձնակազմով այնտեղ են և այնքան են մնալու, մինչև այդ վերջնական վտանգը չեզոքացվի:

-Այսինքն՝ «Խոսրովի անտառում» դեռ վտանգը պահպանվո՞ւմ է: 

-Բազմիցս նշել եմ, որ մեր հիմնական խնդիրն այս փուլում խարշամի շիկացած շերտերն են, որոնք օդի հետ անմիջական առատ շփում չունեն, որ միանգամից վառվեին վերջանային, այլ աստիճանաբար ծխացում է ընթանում, ծխապատ շերտեր են առաջանում տարբեր տեղերում, մինչև որ վերջանան:

-Այսինքն՝ հրդեհի առաջացման լրացուցիչ գործոննե՞ր կան, բացի եղանակից:

-Ածխացած տեղեր կան, որտեղ հերթապահները յուրաքանչյուր օր հետախուզություն են իրականացնում բնապահպանների և տեղի աշխատողների հետ: Այնտեղ կոճղեր կան, որոնց մեջ կրակ կա, բայց առատ այրում չի կատարվում, ծխում է: Ու այդ ներսի հատվածները կարող են ժամեր, օրեր շարունակ, շատ երկար այրվել, հատկապես այն հատվածները, որտեղ թթվածինն առատ չէ: Այնտեղ գաղտնի կրակ կա:

-Այդպիսի մոտավորապես քա՞նի հեկտար տարածք կա:

-Այս պահին չեմ կարող ասել:

-Հսկիչ կետեր ստեղծելու Ձեր առաջարկն էլի պնդելո՞ւ եք:

-Արգելոցում ԱԻՆ-ը մուտք ունի բացառապես մեր գործընկերների խնդրանքով՝ այս կամ այն հարցում աջակցելու: Եթե այնտեղ հրդեհ է տարածվել, մեզ չեն դիմել, մենք այնտեղ մուտք գործելու իրավունք չունենք: Հատուկ թույլտվություններով են մուտք գործում: Այսինքն՝ կարող են փոքրիկ հրդեհներ լինել, իրենք տեղի ուժերով հանգցնեն, մեզ չզանգեն էլ: Օրենքով կարգավորված է: Մենք չենք կարող այնտեղ մտնել ու հսկիչ կետեր դնել:

-Քննարկե՞լ եք, որ, Աստված մի արասցե, եթե նորից անհրաժեշտություն առաջանա, կա՞ օգնության հասնելու պայմանավորվածություն:

-Բարիդրացիական հարաբերություններ կան, կա պայմանավորվածություն արտակարգ իրավիճակներում փոխադարձ օգնություն ցուցաբերելու և, ընդհանուր առմամբ, թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի օգնություն ցուցաբերման հարցերը, եթե պետք է լինում, որևէ խնդիր չկա:

-Ներկայում ի՞նչ աստիճանի հրդեհավտանգ իրավիճակ է:

-Արտակարգ իրավիճակներն ունեն դասակարգումներ. մենք սանդղակով ունենք բարձր պատրաստության աստիճան, լրիվ պատրաստության աստիճան՝ օրենքով գործող կարգով: Արտակարգ իրավիճակներում ուժեղացված ռեժիմի ենք անցնում, ծառայության կա՛մ ընդհանուր, կա՛մ մասնակի ուժեղացում է իրականացվում:

-Հիմա ի՞նչ ռեժիմով եք աշխատում:

-Մենք Արտավանի և «Խոսրովի անտառի» դեպքերից հետո բարձր կարգի ուժեղացված իրավիճակում չենք եղել, բայց հերթափոխ կա, պարբերաբար իրար փոխարինում են և հերթապահություն են իրականացնում: Դա կտևի այնքան ժամանակ, որքան կպահանջի օպերատիվ իրավիճակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ