Հովսեփ Մեսրոպյան. «Առաջնային խնդիրը լողը մասսայականացնելն է»

106

Հայաստանի պատանի ու երիտասարդ լողորդները վերջին շրջանում ակնհայտորեն բարելավում են իրենց մարզական ցուցանիշները՝ միջազգային մեկնարկներում արդեն բարձր տեղեր են գրավում, թարմացնում են հանրապետության ռեկորդները: Սա հնարավոր է դարձել լողի հայկական դաշնությունում նույն ֆինանսավորման պայմաններում աշխատանքների կազմակերպումն արմատական փոփոխության ենթարկելու շնորհիվ:

Մեր պատանի երեք լողորդներ՝ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը եւ Անի Պողոսյանը պատրաստվում են օգոստասի 23-ից 28-ը ԱՄՆ-ում կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը: Ընդ որում, Արթուրն ու Վարսենիկը վերջերս 2018թ. պատանեկան օլիմպիական խաղերի «B» կարգի վարկանիշ են նվաճել:

Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը «Առավոտին» տված հարցազրույցում նշեց, որ լողը հայերիս համար գուցե ավելի շատ ռազմավարական նշանակություն ունի:

– Պարոն Մեսրոպյան: Այսօր հեռանկարային պատանի լողորդներ ունենք, որոնք նաեւ փորձելու են 2020 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշների համար պայքարել: Բայց նրանք մի քանիսն են: Այդ թիվը ձեզ բավարարո՞ւմ է:

– Իհարկե՝ ոչ: Երեք-չորս որակյալ լողորդներն ընդհանուր որակ չեն կարող կազմել: Հարկավոր է լողը տարածել ազգաբնակչության շրջանում, հասուն մարդկանց համար որպես առողջ ապրելակերպի միջոց, երեխաների համար՝ որպես մարզաձեւ:

– Բայց դրա համար պայմաններ՝ լողավազաններ են անհրաժեշտ:

– Հայաստանը լողավազանների, լողալու համար պիտանի ջրավազանների խիստ պակաս ունի: Մենք ընտրել ենք իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ՝ եղածը հնարավորինս արդյունավետ օգտագործելը, երկրորդը՝ հանրապետության տարածքում առկա լողավազանների հաշվառումն ու դրանք գործարկելու հնարավորություններ գտնելը: Առաջինն աշխատում է արդեն ձեւավորված լողի թիմերի պարագայում: Օրինակ, մեր հավաքականներին մեծ աջակցություն է ցույց տալիս «Գրանդ Սպորտը», որի ղեկավարությունն իր 50 մետրանոց հիասքանչ լողավազանում ամեն օր անվճար լողուղյակներ է տրամադրում: Հիմա էլ աշխարհի առաջնություն մեկնող մեր լողորդներն այնտեղ են մարզվում: Երկրորդ ճանապարհը անհամեմատ դժվար է՝ ժամանակ ու ներդրումներ է պահանջում:

– Նկատի ունեք վերջերս Իջեւանում շահագործման հանձնված լողավազա՞նը:

– Այո: Եվ դա առաջին քայլն է մեր անցնելիք ճանապարհի: Երբ դիմեցի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Իջեւանի լքված լողավազանը նորոգելու եւ շահագործելու ծրագրով, նա ոչ միայն առանց վարանելու համաձայնեց, այլեւ հանձնարարեց դրա բազայի վրա հիմնել շուրջտարի գործող մի ամբողջ մարզահամալիր ու ամեն հարցով մեզ աջակցեց: Արդյունքում, մի քանի ամսվա ընթացքում Իջեւանում սկսեց գործել հյուսիսային տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի մարզահամալիրը՝ 25 մետրանոց լողավազան իր ցնցուղարաններով ու հանդերձարաններով, հյուրանոց, որը տարբեր մարզաձեւերի ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու հնարավորություն է ընձեռում, բասկետբոլի եւ վոլեյբոլի բացօթյա խաղահրապարակ:

– Իջեւանում լողով զբաղվելու պայմաններ ստեղծեցիք: Հաճախելիություն կա՞:

– Ոչ միայն լողով զբաղվելու: Նորաստեղծ մարզադպրոցում արդեն սկսել են գործել նաեւ ջրագնդակի, բասկետբոլի, վոլեյբոլի, բռնցքամարտի խմբեր: Միայն լողով շուրջ 250 երեխա է զբաղվում, ջրագնդակով՝ մոտ 26 պատանի: Լողավազանը ծառայում է նաեւ տեղի բնակչությանը, որոնք նույնպես սիրով հաճախում են: Ասեմ նաեւ, որ մարզադպրոցն արդեն լողի եւ ջրագնդակի իր հավաքականներն է կազմավորում, եւ Իջեւանի թիմը հոկտեմբերին առաջին անգամ Հայաստանի պատանիների առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացնում: Ու մի շատ կարեւոր բան եւս. Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 1-ից տեղի դպրոցի աշակերտներն ըստ կազմվելիք դասացուցակի ֆիզկուլտուրայի դասաժամերից մեկն անվճար անցկացնելու են լողավազանում:

– Այս ծրագիրը հանրապետության մյուս տարածաշրջաններում կիրառելու նպատակ կա՞:

-Այո: Հաշվառում ենք բոլոր լողավազանները, որի ավարտից հետո ըստ առաջնահերթության կանցնենք նաեւ մյուս մարզեր ու քաղաքներ: Բայց դրա համար նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվությունն է անհրաժեշտ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Նյութի աղբյուրը՝ http://www.aravot.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ