«Ես ավելի լավ կհասկանամ մասնակիցներին». Սևակ Խանաղյանը` «Հայաստանի ձայնի» մասին

253

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ աշնանը կմեկնարկի «Հայաստանի ձայնը» նախագծի նոր եթերաշրջանը։ Այս անգամ նախագծի մարզիչներն են Նունե Եսայանը, Սևակ Խանաղյանը, Արամեն և Սոֆի Մխեյանը։

1 տարի առաջ այս փուլում Սևակը կրկին պատրաստվում էր ներկայանալ նմանատիպ նախագծում, սակայն կանգնած էր հակառակ կողմում` մասնակից էր, որին կա՛մ կընտրեն, կա՛մ ոչ։ Նրան ընտրեցին, հաղթեց, դարձավ հանրահայտ ու այսօր հենց ինքն է որոշելու մասնակիցների ճակատագրերը։ Սևակին կօգնե՞ն մասնակցի կարգավիճակի թարմ հիշողությունները, թե՞ կխանգարեն, կերևա եթերում, մինչև այդ երգիչը հարցազրույց է տվել Tert.am Life-ին։

Ինքը` Սևակը, կարծում է, որ այդ ամենն իրեն կօգնի ավելի լավ հասկանալ մասնակիցներին, իսկ զգացմունքներն օբյեկտիվության վրա չեն ազդի, քանի որ օբյեկտիվության մեջ էլ սուբյեկտիվություն կա։ «Ցանկացած դեպքում ընտրությունը սուբյեկտիվ է։ Ես հաշվի կառնեմ իմ ճաշակը, կլսեմ ոչ միայն ականջներով, այլև սրտով։ Իհարկե, մասնակիցը պետք է լավ երգի, սակայն եթե 2 նոտա այն չլինի,բայց մասնակիցը դիպչի սրտիս, կպտտվեմ, կարող է և ճիշտ երգի, բայց ես չփշաքաղվեմ, ոչինչ չզգամ ու չպտտվեմ»,– նշեց նա։

Սևակն անհանգստությամբ է սպասում նկարահանումների մեկնարկին։ «Չեմ կարող ասել,որ ինձ համար սա սովորական բան է։ Ես անհանգստանում եմ, քանի որ ոչ այնքան վաղուց ինքս էի կանգնած բեմում որպես մասնակից և շատ էի ուզում, որ ինձ լսեն, հասկանան։ Իմ խնդիրն է լսել այն մարդկանց, որոնք ինձ նման եկել են, ուզում են իրենց լսեն։ Ես ավելի լավ կհասկանամ մասնակիցներին, քան մարդիկ, որոնք չեն եղել մասնակից, որովհետև ինքս եմ կանգնել այդ բեմում։ Շատ լավ հասանում եմ այդ հուզմունքն ու զգացողությունը։  Բնականաբար, հաշվի կառնեմ, որ հուզմունքի պատճառով, հնարավոր է, ինչ–որ բան այնպես չստացվի»,– ասաց երգիչը, ապա հավելեց, որ բեմ բարձրացող յուրաքանչյուր մասնակցի հետ կվերապրի իր ունեցած զգացողությունները 1 տարի առաջ։

Խոսելով գործընկերների մասին` Սևակը նշեց, որ նրանք պրոֆեսիոնալ են և ունեն մեծ լսարան և շատ մարդիկ կցանկանան գնալ մյուս մարզիչների մոտ։ «Ես ուրախ կլինեմ, եթե շատերը ցանկանան աշխատել ինձ հետ, որովհետև ես պատրաստ եմ աշխատել, կիսվել նրանով, ինչ գիտեմ»,– ասաց նա։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ