Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային. Լեւոն Մկրտչյան

62

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ։

ԿԳՆ մամուլի ծառայության ներկայացրած ուղերձում ասված է.

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ: Դրա իրականացման հաջողությունը կախված է բոլորիս հետեւողական աշխատանքից եւ ենթադրում է մեծ նվիրում ու պատասխանատվություն:

Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային ինչպես կրթության եւ գիտելիքի վերաարժեւորման, այնպես էլ ուսուցչի հեղինակության, դերի ու հասարակական գնահատման առումով:

Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: Ցանկանում եմ, որ նրանք  դպրոց մտնեն  խանդավառությամբ եւ այն իրենց մեջ կրեն ողջ կյանքի ընթացքում:
Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմին եւ ցանկանում, որ  ուսումնական տարին նրանք սկսեն  աշխատանքային նոր լիցքով ու եռանդով: Մշտապես պետք է հիշել, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ պատրաստելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից  զարգացած երկրների շարքում:

Մեկ անգամ եւս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա  կապակցությամբ` մաղթում եմ հաջողություն, նորանոր ձեռքբերումներ եւ նվաճումներ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ