Ամեն շաբաթ մի նոր աղջկա էի սիրահարվում. ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանը՝ դպրոցական արկածների մասին

110

Aysor.am-ը գրում է.

Յուրաքանչյուրիս կյանքում բեկումնային է դպրոցական շրջանը: Այդ տարիներին ոչ միայն մեր գիտելիքների հիմքն է դրվում, այլ նաև մանկական խենթություններն ու զգացմունքները մեկ այլ փուլ են թևակոխում: Թվաճանաչության ու տառաճանաչության հետ մեկտեղ առաջին «լուրջ սեր» ենք ապրում, հանուն «ազատության» ու արկածախնդրության «փախուստներ» գործում, առաջին ուսուցչուհուն ծնողի պես ընդունում ու ողջ կյանքում այդպես էլ չենք մոռանում…

Ուսումնական տարվա մեկնարկի ղողանջներն արդեն հնչել են՝ բացելով դպրոցների ու ԲՈՒՀ-երի դռները: Այսօր գիտելիքի դարբնոց են ոտք դնում նաև կյանքի լուրջ դասեր անցած ու ճակատագրական դժվարություններ հաղթահարած հերոսները, որոնք դեռ սովորելու ու կատարելագործվելու նպատակ ունեն…

Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, կրտսեր սերժանտ 21-ամյա Հարություն Բադալյանն առաջին անգամ դպրոցական նստարանի մոտ հայտնվել է 2002 թվականին: Երևանի Դավիթաշեն համայնքի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 միջնակարգ դպրոցի չարաճճի աշակերտին ու ընկերոջն այդ օրն ուղեկցում էին մայրիկները:

«Ես բակի ընկեր ունեի, ում հետ նաև մանկապարտեզ ենք հաճախել: Այնպես ստացվեց, որ դպրոցական ճանապարհն էլ միասին սկսեցինք: Ճանապարհին մեզ միացավ նաև մի աղջիկ, ու դպրոց գնացինք երեքով՝ մեր մայրիկների հետ: Այսքան տարի անց դժվարությամբ կհիշեմ առաջին տպավորությունս, քանի որ այնքան էլ չէինք գիտակցում, թե ուր ենք գնում: Բայց մի բան հաստատ էր՝ մանկապարտեզ հաճախելու տարիներին երազում էի դպրոցի մասին՝ մտածելով, որ այնտեղ ավելի հետաքրքիր է», – Aysor.am-ի հետ զրույցում վերհիշեց նա:

«Հենց առաջին դասարանում ես ամեն շաբաթ մի նոր աղջկա էի սիրահարվում: Ամեն անգամ պատկերացնում էի, որ երբ մեծանամ, հենց այդ աղջկա հետ եմ ամուսնանալու: Բայց հենց «ընկերություն» էինք անում, չգիտես ինչու՝ տվյալ աղջիկն ինձ համար անհետաքրքիր էր դառնում ու «սերս» մեկ ուրիշին էր կպնում», – ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ ինչպե՞ս է դրսևորվում, արտահայտվում դպրոցական երեխաների սերը՝ նկատեց.

«Միմյանց կողքին էինք նստում, անում էինք այն, ինչը չէր կարելի՝ դասի ժամանակ խոսում էինք: Քանի որ շաբաթը մեկ էի սիրահարվում, ստիպված շաբաթը մեկ էլ տեղս փոխում էի: Բնականաբար, նաև, «սիրածդ աղջկան» դպրոցից տուն ես ճանապարհում ու հետո ստիպված ծնողներիդ խաբում, թե ուշանալուդ պատճառը լրացուցիչ դասին նստելն էր, քանի որ ուզում էիր ավելի շատ սովորել»:

Դասերից փախուստն աշակերտների ամենատարածված չարություններից է: Պատանիներն իրենց որոշումն ամեն գնով իրականացնում են: Հարությունը ոչ միայն մասնակցել է այդ նախաձեռնություններին, այլ հաճախ կազմակերպիչը հենց ինքն է եղել: Հիշում է՝ մեկ անգամ էլ դասարանի բոլոր տղաներին փաստի առաջ կանգնեցրեց: Պատճառն առանձնանալու ու աղջիկների միջավայրում միակ «ծաղիկը» դառնալու ցանկությունն էր:

«Առաջին հարկի դասասենյակների պատուհաններին ճաղավանդակներ կային, փախչելն անհնար էր: Դպրոցում մի քանի հոգի էին, ովքեր համարձակվել էին երկրորդ հարկի պատուհաններից թռնել: Ես էլ մի անգամ որոշեցի այդ եղանակին դիմել. պատուհանի մոտ կանգնած մտածում էի՝ թռիչք անե՞մ, թե՞ ոչ, ու այդ պահին իմ «նախկին սերերից» մեկը որոշեց «վրեժը» լուծել ու պայուսակս դուրս նետեց: Ուզած-չուզած՝ թռա: Փառք Աստծո՝ չվնասվեցի, բայց «հանցանքի» վայրում նկատվեցի. ուսուցիչները տեսան, բայց հասցրեցի փախչել նրանց ձեռքից.. Մի անգամ էլ կազմակերպեցի, որ դասարանի բոլոր տղաներով փախնենք, բայց ես մնացի ու բոլոր աղջիկների հետ դասի նստեցի՝ արժանանալով համընդհանուր ուշադրության: Ընկերներս հետո մի քիչ ջղայնացել էին, բայց ես իրենց բացատրեցի, որ ճիշտ եմ արել», – ծիծաղելով խոստովանեց Հարություն Բադալյանը:

Նրան հաջողվում էր «հանցանքները» մայրիկից թաքցնել, հատկապես, որ սովորող երեխա էր, այնպես չէր, որ միայն դպրոցական արկածներին էր տրվել՝ մոռանալով գիր ու գրքի մասին: Ուղղակի, սովորելուն զուգահեռ, ուզում էր օրը հետաքրքիր ու հիշարժան կազմակերպել:

«Դասատուն ինձ առանձնացրել ու մենակ էր նստեցրել: Հետո, երևի, այդ մասին մոռացել էր ու որոշել էր կողքիս մի աղջկա նստեցնել, ում, չգիտես ինչու, այնքան էլ չէի սիրում: Ինձ հարցրեց՝ Հարություն, կողքիդ նստող կա՞, ասացի՝ այո: Հարցին, թե ո՞վ է, պատասխանեցի՝ պայուսակս: Քանի որ գիտեր, որ պատասխանս այդ աղջկան չսիրելու հետ էր կապված, ինձ ծնող կանչեց… Ես սովորել էի մայրիկիս խաղաղեցնելու ձևը՝ ամեն ծնողական ժողովից հետո իրեն մեկ ծաղիկ էի նվիրում ու արագ-արագ խոսում, որ ինքը չհասցնի խոսել», – ժպիտով գաղտնիքը բացեց մերօրյա հերոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

21245162_1330743697053742_1732105760_n 21291549_1330743693720409_838877515_n

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ