Պռոշյանում գտնված նորածինը շուտով կտեղափոխվի մանկատուն. նրա մայրը չի հայտնաբերվել

655

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում օգոստոսի 12-ին հայտնաբերված նորածինը, որը դեռեւս գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, շուտով կտեղափոխվի մանկատուն:

Այս մասին տեղեկացանք Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանից: Բժիշկները նրան հայտնել են, որ երեխան իրեն լավ է զգում, բուժհաստատությունում մնալու անհրաժեշտություն այլեւս չկա, քանի որ հակառակ դեպքում կարող է ենթարկվել հիվանդանոցային վարակներ ձեռք բերելու վտանգին:

Լքված փոքրիկը, որի մասին, փաստորեն ոչինչ հայտնի չէ, արդեն ունի ծննդյան վկայական եւ ազգանուն, անուն, հայրանուն՝ Պռոշյան Մարիամ Ազատի: Ազգանունը նրա գտնվելու վայրն է խորհրդանշում, անունը՝ օրը, քանի որ երեխան հայտնաբերվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին, իսկ հայրանունն ազատության մասին պետք է հուշի:

Արթուր Մուրադյանի խոսքով, փոքրիկի մոր մասին այս ընթացքում ոչինչ չի պարզվել, եւ նա էլ չի հետաքրքրվել աղջնակով: Երեխան մանկատուն կտեղափոխվի հավանաբար մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ավելի վաղ մեզ ասել էին, մասնավորապես հետեւյալը. «Երեխան մեր ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել միայն այն ժամանակ, երբ նրա հետեւից ոչ մեկը չգնա բուժհիմնարկ, չկարողանա հաստատել, որ երեխայի ծնողն է, եւ բուժհիմնարկը, որպես առանց ծնողական խնամքի մնացածի, այդ երեխայի փաստաթղթերը պատրաստի մանկատուն տեղավորելու համար: Իրավապահները երեք ամիս ժամանակ ունեն հետաքրքրվելու, պարզելու ծնողների ինքնությունը: Միայն երեք ամիս հետո մանկատունն իրավունք կունենա ընկեցիկության ակտ կազմել, եւ դա արդեն հիմք կլինի երեխային որդեգրման ներկայացնելու»:

Պռոշյան համայնքի ղեկավարն այս առնչությամբ նկատեց, որ նորածին Մարիամը թեպետ կգտնվի մանկատանը, միայն որոշ ժամանակ անց կլինի նրան որդեգրելու հնարավորություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ