Ռեկտորի հարցազրույցը՝ համալսարանականների աչքերով

162

Նոր ուսումնական տարին տագնապով ու հիասթափությամբ սկսվեց Երեւանի պետական համալսարանի դասախոսների եւ ողջ աշխատակազմի համար: Առանց այն էլ շատ դյուրացված ընդունելության քննությունների արդյունքում հազարի հասնող թափուր տեղ, օրեցօր նվազող ֆինանսական ռեսուրսներ…

Շատ դասախոսներ տագնապով են նշում, որ հենց այդ պատճառով են լիարժեք դրույքից իրենց իջեցրել 0,75 դրույքի, սակայն խիստ կասկածում են, որ դա կատարվել է արդարության սկզբունքի պահպանմամբ: Մի ֆակուլտետում որակավորման բարձր կրեդիտ հավաքած դասախոսն ստորադասվել է ցածր վարկանիշով դասախոսին, մեկ այլ ֆակուլտետում գիտությունների թեկնածու դասախոսը` չպաշտպանածին։ Եվ այս ամենը` բազմաթիվ կիսագրագետ յուրայինների եւ անդեմ-անդիմագիծ թոշակառու կամակատարների տխուր առկայության պայմաններում:

Միայն կենտրոնական մասնաշենքում դրանք տասնյակների են հասնում, իսկ ռեկտոր Արամ Սիմոնյանի նախասենյակը երկար տարիներ «զարդարում» է 70-ականների քարտուղար-մեքենագրուհու որակավորմամբ եւ վաղուց թոշակի անցած տիկին Ծովիկը, ով խորը հակակրանք ունի ժամանակակից համակարգչային տեխնիկայի նկատմամբ։

Պարզվեց նաեւ, որ ԵՊՀ-ն իր կառույցում բացված Ֆարմացիայի ինստիտուտի համար, կառավարության որոշմամբ, թմրամիջոցներ եւ հոգեմետ դեղորայք ներկրելու լիցենզիա է ստացել։ Եթե նշենք, որ մայր բուհում երկար տարիներ գործում են ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության շատ լուրջ լաբորատորիաներ, եւ որեւէ մեկը համապատասխան լիցենզիայի կարիք չի զգացել, ապա պարզից էլ պարզ է, որ բուհի ռեկտորի եւ կառավարման խորհրդի նկրտումները բնավ էլ գիտակրթական չեն: Այս տխուր խորապատկերին «նոր շունչ» հաղորդեց «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած «ֆեյսբուքյան հարցազրույցը» ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ։ Բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր հնչեցին` սկսած պրոռեկտորի պահվածքից, կիսագրագետ ու անտեղյակ աշխատակազմից, մինչեւ կուտակած հարստություն, բուհը քաղաքականացնելու քայլեր, աղքատիկ գրադարան եւ նույնիսկ՝ «հատուկ կարիքավորների» վերելակի մասին։

Պարզվեց, որ իր պրոռեկտորները պարկեշտ են, աշխատակազմը` պրոֆեսիոնալ: Որ իր համար բարեկեցություն ապահովել է իր ակադեմիկոս հայրը, որ ինքը նույնիսկ մեքենա չունի, սակայն իր դուստրն ունի։ Իսկ համալսարանում բոլորը ճանաչում են նոր-նոր կարիերա սկսող դուստրերի՝ Մարիամի եւ Անիի վարած թանկարժեք մեքենաները, գիտեն բնակարանների ու առանձնատների տեղը: Նա այնքան է սիրում համալսարանը, որ Բլուր թաղամասում գտնվող իր առանձնատան քարերն ու պատուհանները «նույնականացրել» է ԵՊՀ սրբատաշ քարերի եւ կամարակապ պատուհանների հետ:

Ստացվում է, որ, մի կողմից, ակադեմիկոս հայրն է իրեն բարեկեցություն ապահովել, մյուս կողմից` նոր կյանք մտնող դուստրերը, որոնք ֆինանսապես «անկախ» են։ Համալսարանում գիտեն նաեւ, որ իր վկայակոչած պարկեշտ պրոռեկտորներն ու պրոֆեսիոնալ աշխատակիցները համապետական ընտրությունների ժամանակ, լքելով աշխատանքը, հենց աշխատավայրում քարոզչություն են իրականացնում հօգուտ իշխանության։ Իսկ աղքատիկ գրադարանի եւ հին հրատարակության գրքերի մասին հարցին ռեկտորն անթաքույց հպարտությամբ պատասխանեց, որ իրենք հնատիպ գրականությունն «աչքի լույսի պես» են պահում՝ չմտածելով, որ մարդիկ հիշողություն ունեն եւ դեռ չեն մոռացել հնատիպ եւ հազվագյուտ գրականության թալանն ու աղմկահարույց դատավարությունը, որի արդյունքում ընդամենը բաժնի վարիչն ազատվեց աշխատանքից, իսկ ԵՊՀ գրադարանն անվերականգնելի կորուստ կրեց։ Ինչպես նաեւ չեն մոռացել մի քանի տարի շարունակ միլիարդի հասնող վարձավճարների յուրացման փաստը: Հեռակա ուսուցման ժամերի եւ ֆինանսական հոսքերի ստվերային տնօրինման մասին` եւս։

Եվ այս ամենը՝ բացառապես իր պաշտոնավարման տարիներին: Սիմոնյանը հարցազրույցում նաեւ հպարտորեն նշեց, որ կենտրոնական մասնաշենքում ինքը մի նոր վերելակ է գնել, որը կարող է ծառայել «հատուկ կարիքավորներին»։ Համալսարանում սա էլ են քննարկում․ պարզվում է, որ այդ հատուկ կարիքավորն ինքն է, քանի որ կենտրոնական մասնաշենքը շատ աստիճաններ ունի, եւ վերելակին հասնելը դժվար է, երկար։ Իսկ նոր վերելակ կարելի է հասնել ետնախորշերով եւ ուղղակի նկուղային հարկաբաժնից: Նույնիսկ ցանկության դեպքում շենքի ետնախորշերում հազիվ թե հասարակ մահկանացուներ հայտնվեն եւ օգտվեն այդ վերելակից։ Պատեհ առիթից օգտվելով՝ խոսեց նաեւ իր ղեկավարած «21-րդ դարին հարիր» համալսարանի միջազգային վարկանիշի մասին։ Եթե տարիներ առաջ հպարտանում էր, թե թուրքական հեղինակավոր մի կառույց ԵՊՀ վարկանիշը բարձր է դասել ադրբեջանական «Խազար» համալսարանից, ապա այս անգամ նույն միտքը մատուցեց` առանց անուններ հնչեցնելու: Նույնկերպ՝ «Վեբոմետրիքսի» վարկանիշավորման մասին, թե իբր իրենք տարածաշրջանի առաջատարն են: Սակայն բազմիցս նշվել է, որ դա հեղինակների հրապարակումներին հղում կատարելու կայք է, եւ սեփական նախաձեռնությամբ, կոճակ սեղմելով՝ կարելի է ուռճացնել սեփական չեղած վարկանիշը…

Իսկ տխուր իրականությունն այլ է՝ ԵՊՀ-ն չկա նախկին խորհրդային հարյուր առաջատար բուհերի շարքում, որտեղ հարեւան հանրապետությունն ունի նույնիսկ երեք բուհ: Ահա այսպես հարյուրամյա հոբելյանի շեմին գտնվող մայր բուհը բարձր գիտակրթական արտադրանք արտահանողից դարձել է թմրամիջոցներ եւ հոգեմետ դեղեր ներկրող հաստատություն։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ