Քաղաքական աշնան մեկնարկը տրված է․ Գագիկ Ծառուկյանի ուշագրավ շեշտադրումները

152

Քաղաքական աշնան մեկնարկը տրված է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ այդ մեկնարկը տրվեց ոչ թե ԱԺ աշնանային նստաշրջանի սկիզբով, ԵԼՔ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկով, այլ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցով։
Հաշվի առնելով այն, թե ինչպես բոլոր լրատվամիջոցների կողմից լուսաբանվեց Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, ինչպես բազմաթիվ կայքեր հանդես եկան այդ հարցազրույցի մասին ծավալուն վերլուծություններով, կարելի է պնդել, որ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը վերջին ամիսների ամենասպասված իրադարձությունն էր, որը ոչ միայն ազդարարեց քաղաքական աշնան մեկնարկը, այլ նաև տվեց մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։
Նախ նշենք, որ կարճատև հարցազրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հասցրեց անդրադառնալ բոլոր կարևորագույն հարցերին, որոնք այսօր ձևավորում են քաղաքական օրակարգը։ Դրանց թվում էին ինչպես ՀՀ ապագա վարչապետի մասին հարցը, այնպես էլ գործող Կառավարության գնահատականը, վերջին համապետական ընտրությունները, ԵԱՏՄ-ից դուրս գալու ԵԼՔ-ի առաջարկը և այլն։ Ընդհանուր առմամբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ ներկա քաղաքական իրավիճակի գնահատականով, ապագայի տեսլականով ու անցյալի գնահատականով՝ տալով հավասարակշռված, բայց սպառիչ պատասխաններ, ինչպես վայել է ՀՀ երկրորդ քաղաքական ուժի առաջնորիդն։ Լրագրողներին հուզող առաջնային հարցերից էր, բնականաբար, Հայաստանի ապագա վարչապետի մասին հարցը։ Նշենք, որ հարցը որքան էլ ժամանակավրեպ լինի, հայրնեի լրատվամիջոցների ջանքերով այսօր վերածվել է ներկայիս կարևորագույն հարցերի։ Վերջին ամիսներին մեր լրագրողները սույն հարցով մոտեցել են գրեթե բոլոր քաղաքական գործիչներին և կասկած չկար, որ Գագիկ Ծառուկյանին նույնպես առաջնահերթորեն այս հարցն էր տրվելու։ ԲՀԿ նախագահը շատ տեղին նշեց, որ ապագա վարչապետի հարցին անդրադառնալու համար դեռ բավական ժամանակ կա և այժմ այդ հարցին անդրադառնալու ժամանակը չէ, ոչ միայն այն պատճառով, որ հարցի հասցեատերը առաջին հերթին իշխող մեծամասնությունն է՝ ՀՀԿ-ն, այլ նաև այն պատճառով, որ ինքը՝ ՀՀԿ-ն դեռ այս հարցի վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել և ոչինչ չի հայտարարել։ Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ նաև հնարավոր ժողովրդական ընդվզմանը այդ առթիվ (ինչը, նշենք, նույնպես լրագրողական հորինվածքների ոլորտից է)՝ ասելով, որ ընդվզող ժողովուրդը դեռ ընտրությունների ժամանակ պետք է հասկանար իր քվեի ուժը և գիտակցեր, որ այն ուժը, որին քվե է տալիս, առաջիկա հինգ տարիներին որոշելու է իր հետագա կյանքն ու կեցությունը։ Այնինչ սա չգիտակցելով՝ ժողովուրդը քվերակեց ոչ թե քաղաքական ըմբռնումներով, այլ տուրք տալով ծանոթ-բարեկամի կամ թաղային հեղինակությունների հորդորներին։ Անդրադառնալով գործող Կառավարության և, մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը, Գագիկ Ծառուկյանը հարցը դիտարկեց երկու հարթությունում․ մարդկային և քաղաքական։ Մի կողմից ԲՀԿ նախագահը նշեց, որ վարչապետը իր ընկերն է և ընկերոջ մասին կարծիք հայտնելը կոռեկտ չէ, բայց լինելով ոչ միայն ընկեր, այլ նաև Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը, Գագիկ Ծառուկյանը նաև քաղաքական գնահատական տվեց Կարեն Կարապետյանի գործունեությանը, նշելով, որ նրա հետ հանդիպելիս նշում է ինչպես դրականը, այնպես էլ բացասականը։ Այսպիսով Գագիկ Ծառուկյանը հասկացրեց, որ զերծ է մնում ամեն ինչ սև-սպիտակի հակադրության մեջ դիտարկելուց, մի բան, որով այսօր լեցուն է հայաստանյան քաղաքական դաշտը և որով պայմանավորվում են այսօր հնչող քաղաքական գնահատականները, որոնք ամեն ինչ դիտարկում են միայն բացարձակ լավի կամ վատի պրիզմայով։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ԵԼՔ-ի նախաձեռնությանը, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ցանկացած կուսակցություն իրավունք ունի հանդես գալ իր առաջարկներով, ինչը նշանակում է, որ ԵԼՔ-ի առաջարկը նույնպես պետք է քննարկել։ Սակայն Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ պոտենցիալ ունենք ԵԱՏՄ-ում, ինչ բաներ մեզ կարող է տալ 200 միլիոնանից շուկան, որը մենք դեռ չենք հասկացել կամ բացահայտել։ Ի վերջո, պետք է նաև գիտակցենք, որ ոչ մի տեղ մեզ գրկաբաց չեն սպասում և ԵԱՏՄ-ից դուրս գալը դեռ չի նշանակում, որ անմիջապես որևէ այլ միջազգային կազմակերպությունում ենք հայտնվելու և ավելի բարվոք պայմաններով։ Այսպիսով ԲՀԿ նախագահը շեշտեց, որ նման տիպի վճռորոշ նախաձեռնությունների ժամանակ պետք է ցուցաբերել հավասարակշռված մոտեցում, կատարել բազմակողմանի քննարկումներ և երբեք տուրք չտալ այս րոպեական քաղաքական էմոցիաներին։
Ամփոփելով՝ պետք է նշենք, որ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հարցազրույցը տվեց բազմաթիվ հուզող հարցերի պատասխաններ, որոնք բացահայտեցին ՀՀ երկորդ քաղաքական ուժի դիրքորոշումը բազմաիթքվ օրակարգային հարցերի շուրջ։

                                                                                            Արեգ Հասրաթյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ