Դատարանը վերջակետ դրեց «կապիկի սելֆիի» գործում

63

Դատարանը վերջակետ դրեց «կապիկի սելֆիի» գործում, որի արդյունքում բրիտանացի լուսանկարիչ Դեւիդ Սլեյթերը ստացել է կապիկի լուսանկարների հեղինակային իրավունքը, որը նրա խցիկով սելֆի էր արել:

Կենդանիների պաշտպանության PETA կազմակերպության կայքը վկայակոչելով՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ կողմերը համաձայնության են եկել, ըստ որի՝ լուսանկարիչը ստանում է լուսանկարների հեղինակային իրավունքը, սակայն պարտավորվում է իր եկամուտների 25 տոկոսը նվիրաբերել բարեգործությանը, մասնավորապես՝ կենդանիների պաշտպանությանը:

Սլեյթերը հռչակվել է 2011 թվականին Ինդոնեզիայում ճանապարհորդելիս: Արգելոցում նա խցիկը ձողի վրա է տեղադրել եւ մի քանի րոպեով հեռացել, որի ընթացքում արու շնակապիկ Նարուտոն ճանկել է խցիկը եւ մի քանի ինքնադիմանկար արել: Ժպտացող կապիկի լուսանկարներն այնքան հանրահայտ էին դարձել, որ Wikimedia Foundation հիմնադրամն այն տեղադրել էր անվճար պատկերների բաժնում: Սլեյթերի պահանջներին խմբագիրները պատասխանել էին, որ լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է նրան, ով այն կատարել է, այս դեպքում՝ շնակապիկին: Այնուհետեւ գործին էին խառնվել PETA-ի ներկայացուցիչները, որոնք դատարանում պահանջել էին լուսանկարների հեղինակ ճանաչել Նարուտոյին: Կենդանիների պաշտպանների խոսքով՝ այն փաստը, որ շնակապիկը մարդ չէ, դեռեւս չի նշանակում, որ նա չի կարող լուսանկարիչ լինել: Սլեյթերը պնդում էր, որ խցիկը, ձողը եւ օբյեկտիվն իրեն են պատկանում, ինքն էլ կարգավորել է լույսը, իսկ կապիկը պարզապես սեղմել է կոճակը: Դրանից զատ, լուսանկարիչը պնդել է, որ լուսանկարում Նարուտոն չէ, այլ շնակապիկի էգը՝ Էլլան, այսինքն իրեն դատի է տալիս «նույնիսկ ոչ այն կապիկը»:

Վերջին տասնամյակում այս դատավարությունը ամենազավեշտալի դատական վեճերից մեկն էր: Դատարանում հաճախ էր ծիծաղ պայթում, անգամ դատավորներին էր դժվար հաջողվում ժպիտը զսպել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ