Հիմքեր չեմ տեսնում հրաժարական ներկայացնելու համար. Լևոն Մկրտչյան

132

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր հրաժարականի ներկայացման համար հիմքեր չի տեսնում:

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությանը, ով պահանջում է Լևոն Մկրտչյանի հրաժարականը, նախարարն այսպես արձագանքեց. «Հիմքեր չեմ տեսնում»:

Վերջինս հորդորեց Անահիտ Բախշյանին հետևյալը. «Կարող է զանգահարել Համաշխարհային բանկ, այնտեղ հարցնել, թե Լևոն Մկրտչյանն ինչ դերակատարություն է ունեցել, 98թ.-ին, երբ ընդունվել է ՀՀ կրթության մասին առաջին օրենքը, ես ինչ դեր եմ ունեցել»:

ԿԳ նախարարը կոչ արեց՝ հասկանալ, թե ո՞ր պահին է հասունանում հրաժարական ներկայացնելը, որովհետև կարող է մի փոքր վրիպակ լինել. «Իսկ դա հի՞մք է հրաժարականի համար»:

Ինչ վերաբերում է ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանի հայտարարությանը, թե Անահիտ Բախշյանը «սուբյեկտ» է, ապա նախարարն ասաց, որ այդ հայտարարությանը ծանոթ չէ:

«Վահրամ Մկրտչյանին վերաբերվում եմ շատ դրական, մեր փոխնախարարն է, ակտիվորեն աշխատում է, ես տեղյակ չեմ այդ հայտարարության մասին: Ես չեմ կարդացել, Ձեր ասածն ինչպե՞ս մեկնաբանեմ»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Հարցին՝ ի՞նչ փորձագետ է Վահրամ Մկրտչյանը, որ Անահիտ Բախշյանին կրթության ոլորտի փորձագետ չի համարում, ապա ԿԳ նախարարն այսպես պատասխանեց. «Փորձագետի համար հստակ չափանիշներ պետք է լինեն: Վահրամ Մկրտչյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, կրթության համակարգը լավ գիտի, տարիներ շարունակ այդ ոլորտում է եղել, մինչև ԱԺ պատգամավոր դառնալը գործող մասնագետ է եղել»:

Լևոն Մկրտչյանը հավելեց, թե «սուբյեկտը» վիրավորական արտահայտություն չէ, որովհետև «մենք բոլորս այս երկրի սուբյեկտ ենք»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ