«Նման մեռյալ օրենքներ մենք շատ ունենք». Միքայել Մելքումյան

65

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցով դիմեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին:

«Եթե չեմ սխալվում պարտադիր աուդիտը կյանքի է կոչվել 2009  թվականին և ունեցավ ընդամենը 3-4 տարվա կյանք: Արտաքին աուդիտի ինստիտուտը կարևոր ինստիտուտ է, որը հանվեց: Ասացեք խնդրեմ՝ ինչո՞ւ հանվեց»,- հարցրեց Մ. Մելքումյանը:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ պարտադիր աուդիտի նորմը 2012 թվականից գործեց մինչև 2014 թվականը.

«Պարտադիր աուդիտի ենթարկվեցին շուրջ 946 սուբյեկտներ: Հանվեց՝ պատճառաբանվելով, որ դա բիզնեսի նկատմամբ առաջացնում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Մասնագիտական հանրությունը դեմ էր պարտադիր աուդիտը փոխարինել այլընտրանքային ստուգումների ինստիտուտով, ստացվեց, որ այլընտրանքային ստուգումների նորմը չանցավ, բայց պարտադիր աուդիտը հանվեց:

Կառավարությունը հիմա էլ ուզում է վերականգնել պարտադիր աուդիտի նորմը, բայց ավելի քաղաքակիրթ, ավելի Եվրամիության աուդիտի չափանիշներին համապատասխան»:

Մ. Մելքումյանն արձագանքեց՝ ասելով, թե պետք է պարզ, մատչելի լեզվով ասել, որ պարտադիր աուդիտը դարձել էր կոռուպցիոն և տարբեր տիպի կեղծիքների հիմք.

«Եթե այդ աուդիտով զբաղվում էին միջին կարգի ընկերություններ, դա դառնում էր սովորական բան, փողը վերցնում էին, այդ աուդիտի արդյունքներից ոչ մեկը չէր համապատասխանում իրականությանը: Դրա համար կյանքը ստիպեց, որպեսզի դրանք վերանան, այսինքն՝ օրենքները պետք է կենսունակ լինեն: Տվյալ դեպքում այն, ինչ ուզում ենք անել, էլի կենսունակ չի լինելու, էլի կանցնի տարի, տարի ու կես, կբերենք փոփոխություններ անելու:

Այսինքն՝ պետք է արմատական, պարզ, հարմար օրենսդրական փոփոխություններ անել: Սա, ես կարծում եմ, միտքը լավն է, բայց չի աշխատելու, նման մեռյալ օրենքներ մենք շատ ունենք»:

Դ. Անանյանը չհամաձայնվեց Մ. Մելքումյանի հետ. «Միգուցե, պետք է բիզնեսի մոտ մշակույթ ձևավորել, բիզնեսը պետք է հասկանա, որ աուդիտն իրենց թափանցիկ գործելու լավագույն գործոնն է,  դա կառուցողական պարտականություն է հանրության առաջ:

Համաձայն եմ, որ պարտադիր նորմը մտցնելուց հետո սնկի նման աճեցին աուդիտորական կազմակերպություններ, որոնք աուդիտորական եզրակացություններ էին վաճառում, բայց պարտադիր աուդիտի ներմուծումից առաջ և այժմ մենք ունենք  շուրջ 33-35 աուդիտորական կազմարեպություններ: Երբ պարտադիր նորմը հանվեց, այդ սնկի նման աճած աուդիտորական կազմակերպությունները նույն ձևով փակվեցին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ