Լեւոն Արոնյան. Երջանիկ եմ, որ նվաճեցի հավակնորդների մրցաշարի ուղեգիր, եզրափակիչը բոնուս է

868

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մեկնաբանել է հաղթանակը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում:

«Երջանիկ եմ, որ նվաճեցի հավակնորդների մրցաշարի ուղեգիր, դա էր նպատակը: Եզրափակիչը բոնուս է: Մոտիվացիան հստակ է, Դին Լիրենի հետ -2 է իմ արդյուքների հաշվեկշիռը, պետք է շտկել վիճակագրությունը:

Թայ-բրեյքին հատուկ չեմ պատրաստվում: Ինչ մարզվես, եթե հաղթած դրությունում վրիպում ես, իսկ պարտված դիրքերում փրկվում ես: Նման բաների համար հնարավոր չէ մարզվել, պետք է պարզապես հավատալ:

Կիսաեզրափակիչում երկուսս էլ նյարդերի հետ կապված խնդիրներ ունեինք: Եզրափակիչում չինական նյարդերի դեմ այսպիսի բաները չեն անցնի: Հանգիստ մնալու համար առանձնահատուկ ոչինչ չեմ անում: Կատարելությունը սահման չունի:

Հարսանիքը մեծ մոտիվացիա է. ինչքան երկար մնամ այստեղ, այդքան մեծ է շանսը, որ հարսանեկան հարցերով չեմ զբաղվի: Հարսնացուս այստեղ չէ, նա լուրջ հարցերով է զբաղված՝ հարսանյաց հանդեսն է կազմակերպում: Նա շատ է ինձ երկրպագում եւ գոհ է, որ այսքան երկար մնացի այստեղ»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է chess-news-ը:

Եզրափակիչի մյուս մասնակից, չինացի Դին Լիրենը կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել ամերիկացի Ուեսլի Սոյին:

Եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ