Հայկական մեղրը կարտահանվի Չինաստան (տեսանյութ)

261

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» ընկերությունը պատրաստվում է Հայաստանից մեղր արտահանել Չինաստան: Այս մասին Ռոզա Ծառուկյանն ասաց «Մերգելյան» գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպված գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսի ժամանակ` պատախանելով armtimes.com-ի հարցին:

-Տիկին Ծառուկյան, այս ցուցադրությունում կա՞ն նոր ապրանքատեսակներ, որոնք նախկինում չէին ներկայացվել:

-Չէ, բացարձակ: Ես 1998 թվականից առաջին անգամ մասնակցել եմ կառավարությունների տան առաջին հարկում կազմակերպված ցուցահանդեսին, Ռիժկովն էլ Մոսկվայից եկել, մասնակցում էր: Այն ժամանակ չունեի հացահատիկ, ջերմոցային տնտեսություն, մեղրամոմի մեջ ծաղկափոշի կամ ակնանոմի լուծույթ, ուղղակի մեղր ունեի եւ կաթնամթերք: Հիմա, փառք Աստծո, ինչ ճյուղերով զբաղված եմ եղել, առ այսօր այդ ճյուղերը շարունակական զարգանում են, երբեք չենք ընդհատվում, ընդհակառակը ուզում ենք ծավալվել: Մենք չենք նահանջում, շատ ֆերմերներ կան, որոնք արդեն չեն մասնակցում:

-Ինչո՞ւ են ֆերմերները դուրս գալիս մեղրի արտադրության ոլորտից, ո՞րն է պատճառը:

-Այդ հարցին ես չեմ կարող  պատասխանել, կարող եք ինքներդ էլ տվյալ ֆերմերներից հարցնեք, որովհետեւ ես միայն պատասխան եմ տալու իմ գործունեության համար: Ես քիչ առաջ մեր երկրի վարչապետի հետ էի խոսում, ասեց՝ զարգացման ի՞նչ եք նկատում: Միայն ասեցի՝ 77 հազար մեղու ներկայում հասցրել ենք 600 հազարի, դրանից առավել զարգացում ես չէի սպասում 2005 թվականից առ այսօր: Շուրջ 15 տարի ես աշխատում եմ Մեղվաբուծության ասոցիացիայի նախագահ, բարեգործական հիմնադրամի հաշվին լինում եմ բոլոր մարզերում, օգնում եմ բոլոր մեղվաբույծներին եւ գրականության եւ մասնագետների օգնությամբ:

-Ի՞նչ խնդիր կա այս ոլորտում, առհասարակ խնդիր կա՞ մեղվաբուծության ոլորտում:

-Խնդիրը հետեւյալն է՝ եթե մենք կարողանանք կազմակերպել մեղրի արտահանումը… մենք ներկայում Հանրապետությունում ունենք, ասեցի՝ 600 հազար եւ ավելի մեղվաընտանիք, մենք բավականին մեղր ենք արտադրում եւ հայրենական մեղրը շատ մեծ որակական ցուցանիշ ունի աշխարհում: Դա ես չեմ ասում, դա ապացուցված է, եւ հիմա մենք աշխատում ենք, որպեսզի կարողանանք կառավարության օգնությամբ արտահանման հարցը լուծել: Աշխատանքներն արդեն սկսված են, Չինաստանի Հանրապետության հետ մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, հատկապես «Մուլտի ագրոն»: Նրանք եկել են 4 հոգի, հանձնաժողովով, ստուգել են Հանրապետության մեղվաբուծության վիճակն ըստ մարզերի եւ ունեն իրենց եզրակացությունը, ունեն թույլտվություն, որ մենք կարող ենք ՉԴՀ-ն սպարակել մեղրով: Ինձ թվում է, որ հաջորդ տարի, եթե արժանանաք այս գեղեցիկ օրվան, ինձ թվում է, որ արդեն արտահանման հարցը լուծված կլինի:

-Մինչեւ այս եղե՞լ է արտահանման փորձ:

-Արտահանում եղել է, անհատ մարդիկ են արտահանում առանց ասոցիացիայի, առանց կառավարության միջնորդության, բայց առանց կառավարության երաշխավորության Մեղվաբույծների ասոցիացիան ի զորու չէ մեղրն արտահանել արտերկիր: Պետք է անպայման կառավարության հոգածությունն ունենանք:

-Հույս ունեք, որ առաջիկա տարում կարտահանե՞ք:

-Անպայման: Այդ աշխատանքները լուրջ կատարվում են, գյուղատնտեսության նախարարությունն էլ է զբաղված, այսօր վարչապետին էլ տեղեկացրեց գյուղնախարարը, որ տիկին Ծառուկյանը մեծ աշխատանք է կատարել, պիտի աշխատեն: Ինձ թվում է, որ հաջորդ տարի այս ժամանակ պետք է արտահանման հարցը լուծված լինի:

 

Աղբյուր՝ Armtimes.com

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ