Զարուհի Փոստանջյանը Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի փաստով քրգործ հարուցելու պահանջով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

211

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ։

Այս մասին հայտնում են «Երկիր Ծիրանի» կուսակցությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջնահերթություն է համարում իրավունքի գերակայության սկզբունքի հարգումը և կոռուպցիայի դեմ պայքարը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում չի գործում օրինական իշխանություն` տեղական ինքնակառավարման մարմինը բռնազավթված է և մինչև օրինական իշխանության ձևավորումը՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցությունը, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից և ղեկավարվելով ազգային ու միջազգային օրենքներով.

-պատասխանատվության է կանչելու Երևանը քանդող, նրա բյուջեն և գույքը յուրացնող բոլոր պաշտոնյաներին,

-տարածման և հանրայնացման միջոցով հիմքեր է ստեղծելու իր ծրագիրը կյանքի կոչելու համար:

Տարոն Մարգարյանի, Սերգեյ Մակարյանի, Կամո Արեյանի և Լևոն Իգիթյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ. հոդված 143` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, հոդված 161` կուսակցության գործունեությանը խոչընդոտելը և հոդված 258 ՝ խուլիգանություն:

Հաշվի առնելով,

որ հասարակական կարգը մարդկանց ամենօրյա կենսագործունեության` աշխատանքի ընթացքում նորմալ փոխհարաբերություններն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է,

հասարակական կարգը, որպես քրեաիրավական պաշտպանության օբյեկտ, դա հասարակական անդորրը, հասարակական բարոյականությունը, այդ թվում քաղաքացիների կողմից հասարակական վայրերում օրինապահ և կայուն վարքագծի պահպանումը, հիմնարկությունների, ձեռնարկությունների, անձանց ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է,

գտնում ենք,

որ «Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեության խոչընդոտում, խտրականություն և խուլիգանություն թույլ տված անձանց գործողությունները պետք է ստանա քրեաիրավական գնահատական,

այս և նմանատիպ հասարակական հարաբերությունների դեմ ուղղված հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտող և հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կատարումը, որպեսզի չդառնա բնականոն նորմ և չվերածվի բռնությամբ զուգորդվող խուլիգանության, որը արդեն որպես սպառնալիք հնչել է և ՀՀԿ ներկայացուցիչների` ի դեմս Կամո Արեյանի և նրանց շահառու Ռուդոլֆ Ղևոնդյանի կողմից պետք է օրենքով սահմանված կարգով դատապարտել:

Հաղորդման պահանջը

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 176, 178, 181 հոդվածներով և ՀՀ քրեական օրենսգրքի 143, 161 և 258 հոդվածներով պահանջում եմ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել մեղավորներին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Երևանի ավագանու նիստին Կամո Արեյանը «Երկիր Ծիրանիի» անդամին ասել էր՝ «տեղդ վե՛ր ընկիր», իսկ Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն էլ «Երկիր Ծիրանիի» անդամի հասցեին հայհոյանք էր հնչեցրել։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ