Ինչ է սպասվում Իսպանիայի մուտքի վիզա ստացած ՀՀ քաղաքացիներին՝ Կատալոնիայի անկախությունից հետո

393

Օրերս Իսպանիա մուտքի վիզա ստացած Գայանե Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ անհանգստացած է Բարսելոնա կատարելիք իր և դստեր ապագա ճամփորդությամբ:

«Մուտքի արտոնագիր ունեմ դեկտեմբերի 12-ից 24–ի համար, բայց հիմա, երբ Կատալոնիան հռչակել է անկախություն, ես չգիտեմ՝ մինչ այդ ինչ կլինի: Ես վիզա ստացել եմ ինքնուրույն, վիզաների աջակցման կենտրոնից, զանգում եմ, անընդհատ զբաղված է ցույց տալիս»,-անհանգստացած նշեց տիկին Գայանեն:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Մադրիդի ներկայացրած պահանջից:

ՀՀ-ում Լիտվայի դեսպանատնից, որը շենգեն վիզա է տրամադրում Լատվիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Դանիայի համար, ոչ աշխատանքային օրերի պատճառով չպատասխանեցին: Սակայն արտագնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային ընկերություններից մի քանիսից հավաստիացրեցին, որ թեև տեղյակ չեն, բայց վստահ են, որ խնդիրներ չեն կարող ծագել:

Մասնավորապես, «Ռումեա գայթակղիչ ճանապարհորդությունների ակումբ»-ի գրասենյակից տոմսերի վաճառքի գործակալն ասաց, որ Կատալոնիան դեռ համարվում է Շենգենյան գոտի:

«Իսպանիայից անկախության մասին հռչակած Կատալոնյան դեռ հանդիսանում է Շենգենյան գոտու տարածք և, հետևաբար, Իսպանիա մուտքի վիզաները վավեր են և մարդիկ հանգիստ կարող են ճամփորդել»:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ևս հայտնեց, որ այսօրվա դրությամբ Կատալոնիայում գործում են նախկին օրենքները, կարգերը  քանի դեռ չի այն հայտարարել դրանց անվավեր լինելու մասին: «Իսկ հետագայում, արդեն այդ տարածք մտնելու մասին կարելի կլինի խոսել որոշակի հստակություն մտնելուց հետո, չմոռանանք, որ Կատալոնիան չունի միջազգային ճանաչում»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան հրաժարվել են ճանաչել Կատալոնիայի անկախությունն ու հայտարարել են Իսպանիայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։ ԱՎելի ուշ հայտնի դարձավ, որ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ստանձնել է Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավարի պարտականություններն ու պատվիրակել դրանք իր առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիային։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ