Որսորդ հոգեւոր հովիվ. «Դե թող խաշլամայի միս ուտողներն էլ մտածեն «մի սպանիր» պատվիրանի մասին»

218

Aravot.am-ը գրում է.

Համացանցում բուռն քննարկվում է econews.am-ի հրապարակումը, որտեղ անդրադարձ կա Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվ տեր Ղեւոնդ քահանա Գափոյանի որսորդությանը: Բնապահպանական կայքը նշում է, որ հոգեւորականը «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսով է զբաղվել: Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց տեր Ղեւոնդից:

«Իմ ծնողը որսորդ էր, եւ երբ կրակել էր սովորեցնում, ասում էր` որը չես ուտելու, մի որսա, դա սպանություն է: Նույնը այսօր ես եմ սովորեցնում իմ երեխային: Ես մեծացել եմ որսորդության մեջ` իմ ծնողի հետ որսի գնալով: Ինչ վերաբերում է հրապարակված նկարներին, դրանք 7-8 տարի առաջվա են: Ես Փիրմալաքի դաշտերում սունկ հավաքելու եմ եղել: Այն ժամանակ Թալինի տեր հայրն էի, իմ մեքենայով անցնելիս եմ եղել, իջել եմ սունկ հավաքելու: Մարդիկ կան, որ առաջին անգամ զենքը ձեռքներն է ընկնում, նրանց համար նշանակություն չունի, բացի ինքնաթիռից եւ ուղղաթիռից, ամեն ինչ խփելով, վնասելով գնում են… Իմ հայրն ինձ այլ բան է սովորեցրել:

Ես նկարում պատկերված թռչունին ընկած տեսել եմ, վերցրել եմ, իմ սմարթֆոնով լուսանկարել: Այո, թերություն ունեմ, սիրում եմ լուսանկարվել, ու հազարավոր նկարներ ունեմ: Նկարվեցի, ու հասկացա, որ արդեն էդ թռչունին չեմ կարող օգնել:

Ես զարմանում եմ, որ բնապահպաններն այսօր երկու տարբեր թռչունների մասին են խոսում, մինչդեռ խոսքը մեկ թռչունի մասին է: Ուղղակի արեւի շողերի տակ գույնն այլ է ստացվել, մտածում են` երկու թռչուններ են»,-ասաց Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվը:

Մեր ճշտող հարցին` այսինքն ինքը չի՞ սպանել «Կարմիր գրքում» գրանցված թռչունին, տեր Ղեւոնդը պատասխանեց. «Այն որսը, որը տուն չեմ տանելու, չեմ ուտելու, չեմ խփի, արդեն ասացի, որ դա սպանություն է: Իմիջիայլոց, երբ սպիտակագլուխ անգղերին խփեցին, ես էի ավելի շատ գազազել… Իմ ընկերները եւ բնապահպանության ոլորտի աշխատողներ են, եւ որսորդմիության նախագահ, բոլոր այդ տղաները, որոնց հետ շփվում եմ, ասում եմ, լսեք, դուք այդքան մեծ որսի եք դուրս եկել, բայց ես հիմնականում չեմ կրակում:

2012-ից ու 2015թ.-ից հետո ինձ մոտ կյանքի շրջադարձային փոփոխություն է եղել, դժբախտության մեջ եմ ընկել, հարազատներս մահացան երիտասարդ տարիքում…Դրանից հետո ես տարին մեկ անգամ եմ որսի գնացել, եւ հաճախ դաշտում լոր չլինելու պատճառով նեղված տուն եմ եկել: Ովքեր որ ինձ ճանաչում են, գիտեն, որ ես «Կարմիր գրքում» գրանցված թռչուն չեմ սպանի…Ես ոչ գազան եմ, ոչ գիշատիչ եմ, ոչ էլ վայրենի եմ: Ընդամենը նկարվելու վատ սովորություն ունեմ իմ սիրած վայրերում, որտեղ մշտապես գնում եմ սունկ հավաքելու: Կաքավի որսը թույլատրելի է, այն ժամանակ աղվեսի որսի լիցենզիա չկար, թույլատրելի էր, դրանց լիցենզիայի ժամանակաշրջանում եմ որսի գնացել:

Բայց վերցրել են 7-8 տարի առաջվա նկարները եւ հրապարակել»: Aravot.am-ի մյուս հարցին` արդյոք չի՞ խախտում «մի սպանիր» պատվիրանը` որսորդությամբ զբաղվելով, տեր Ղեւոնդը պատասխանեց. «Էդ դեպքում բոլորին ասեք, որ երբ ամեն օր խաշլամայի միս են ուտում, հավ են ուտում, ձուկ են ուտում, թող իրենք էլ դրա մասին մտածեն… Էլի եմ նշում, էդ բոլոր կենդանիներին ես չեմ սպանել: Ես այդ մարդը չեմ: Այսօր էլ իմ 14-ամյա երեխային, որ լավ կրակող է, բացատրում եմ, ասում եմ` բալա, եթե գնացել ես բադի որսի, եթե կրակեցիր, բադն ընկավ լճի կամ գետի մյուս ափին, շունն էլ հետդ չէ, ուրեմն փչացնում ես, չի կարելի խփել: Ես իմ երեխային դաստիարակում եմ այնպես, ինչպես ինձ երեխա ժամանակ հայրս է դաստիարակել…Գիտեմ, որ իմ մասին ամեն ինչ գրում են, բայց ես ոչ մի արդարանալու բան չունեմ…Ով էսօր նստած մարդկային հոգին է սպանում, թող դրա մասին մտածի…Ամեն մարդ իր աչքի գերանը հանելու փոխարեն, ընկել ուրիշի աչքի շյուղն է հանում…»:

Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2017/10/31/916993/

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ