5 սխալ, որ մարդիկ հաճախ թույլ են տալիս դեղամիջոցներ ընդունելիս

544

Առողջական ցանկացած խնդրի և հիվանդության դեպքում մարդիկ դեղամիջոցներ են ընդունում՝ խնդրից հնարավորինս շուտ ազատվելու համար: Սակայն շատ հաճախ գնված դեղամիջոցները ցանկալի արդյունքը չեն ապահովում և բուժումը երկարաձգվում է:

Մասնագետները փորձել են պարզել, թե որ գործոններն են ազդում դեղորայքային բուժման արդյունավետության վրա և որ դեպքերում է բուժումն անարդյունավետ լինում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գոյություն ունի 5 սխալ, որոնք մարդիկ հաճախ են թույլ տալիս բուժման ժամանակ: Eurolab.ua կայքը ներկայացրել է այդ հիմնական սխալները:

Դեղահաբերի սխալ ընդունումը

Հաճախ դեղահաբերն ընդունելիս մարդիկ առաջին պատահած ըմպելիքն են օգտագործում, մինչդեռ կան այնպիսինները, որոնք կարող են թուլացնել դեղամիջոցի ազդեցությունը: Նման ըմպելիքների շարքին են դասվում սուրճը, քաղցր գազավորված ըմպելիքները, թեյը, կաթն ու կաթնային ըմպելիքները, ինչպես նաև թուրինջի հյութը (գոյություն ունի դեղամիջոցների 85 տեսակ, որոնք անհամատեղելի են թուրինջի հյութի հետ): Հարկ է հիշել, որ դեղահաբերը հարկավոր է ընդունել միայն հասարակ սենյակային ջերմաստիճանի ջրով:

Սննդի ընդունումը

Շատ դեղահաբեր հարկավոր է անպայման ընդունել ուտելու ընթացքում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել սննդակարգին, քանի որ կան բաներ, որոնք համատեղելի չեն դեղամիջոցների հետ: Օրինակ՝ մանրաթելերով հարուստ սնունդը «լվանում» է օրգանիզմից դեղամիջոցներից ստացված օգտակար ֆերմենտների մի մասը:

Հարկ է հիշել, որ հաճախ բուժման ժամանակ անհրաժեշտ է լինում հատուկ դիետայի հետևել, ուստի խորհուրդ է տրվում մինչ թերապիան սկսելը ուշադիր զննել նշանակված դեղամիջոցի օգտագործման կանոնները, պարզել դրա համատեղելիությունը սննդամթերքի որոշ տեսակների հետ և խորհրդակցել բժշկի հետ:

Դեղամիջոցների ընդունման գրաֆիկը

Դեղամիջոցների շատ տեսակներ, այդ թվում նաև հակաբիոտիկները, հարկավոր է ընդունել ըստ հստակ սահմանված գրաֆիկի: Ոչ ժամանակին ընդունված դեղամիջոցը կարող է ազդել օրգանիզմում գործող նյութի կոնցենտրացիայի վրա, իսկ դրա նվազում կարող է անարդյունավետ դարձնել բուժումը:

Դեղամիջոցների «կոկտեյլ»

Նույնիսկ, եթե դեղամիջոցի օգտագործման կանոնների մեջ նշված չէ որևէ սահմանափակում, իսկ բուժող բժիշկը միանգամից մի քանի դեղամիջոցի ընդունման վերաբերյալ հավելյալ ցուցումներ չի տվել, այնուամենայնիվ պետք չէ միանգամից մի քանի դեղամիջոց ընդունել: Հարկ է հիշել, որ որևէ դեղամիջոց ընդունելուց հետո հաջորդը հարկավոր է ընդունել առնվազն 10 րոպե անց:

Անավարտ բուժում

Հաճախ ինքնազգացողության բարելավման դեպքում հիվանդները հրաժարվում են շարունակել դեղորայքային բուժումը, մինչդեռ դա համարվում է շատ կոպիտ սխալ, քանի որ կարող է դառնալ հիվանդության կրկնման կամ խորացման պատճառ:

Հարկ է հիշել, որ ցանկացած դեղամիջոց անհրաժեշտ է ընդունել այնքան ժամանակ, որքան բժիշկն է նշանակել: Բուժումը միայն հիվանդության ախտանշաններից ազատվելը չէ, ուստի այն պետք է շարունակվի այնքան ժամանակ, որքան հարկավոր է հիվանդի լիարժեք ապաքինման համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ