Արդարության ընկալման մակարդակն է պետք բարձրացնել, ոչ թե ոստիկանական համակարգի ֆինանսավորումը. «Ելք»

172

Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագիծը չի լուծելու երկրի առջեւ ծառացած կարեւոր խնդիրները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին Ազգային Ժողովում բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

«Ասում են՝ այս բյուջեն կապված է հնգամյա ծրագրի հետ: Փորձել ենք հասկանալ՝ ինչով է կապված հնգամյա ծրագրի հետ, կամ քաղաքական մեծամասության նախընտրական ծրագրի իրականացման հետ: Ինչպե՞ս է այս բյուջեն կախված 2040թ. Հայաստանում 4 միլիոն բնակիչ ունենալու հետ, սրանք ինչպե՞ս են փոխկապակցված: Մենք ուզում ենք տեսնել, հասկանալ, նաեւ դուք համոզված լինեք ու հավատաք դրան, իմանաք, որ այդ քայլերն իրականացնելու եք ու հասնելու եք այդ արդյունքին»,-ասաց նա:

Արտակ Զեյնալյանը նաեւ անդրադարձավ կրթության, սոցիալական, առողջապահության ոլորտի պետական բյուջեից ֆինանասավորման նվազեցմանը:

«Առողջապահության ոլորտին պետական բյուջեից 12 տոկոս ֆինանսավորում պետք  է լինի, որպեսզի զարգանա այդ ոլորտը: Ասում ենք անվտանգության ծախսերը պետք է ավելացնենք: Ոստիկանության ծախսերն ինչո՞ւ են ավելացվում, ինչո՞ւ ենք պահում աշխարհում ամենաշատ ոստիկանը մեկ շնչին ընկնող: Եթե մեր երկրում քաղաքացին իր երկրի տերը, այլ ոչ թե սպառողը լինի, ապա նրանցից յուրաքանչյուրն անվտանգության համար պատասխանատու է լինելու: Արդարության ընկալման մակարդակն է պետք  բարձրացնել, այլ ոչ թե ոստիկանական համակարգի ֆինանասավորումը»,-ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է:

2018 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկել են նախօրեին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ