Ունեցանք առարկայական, նորմալ քննարկում. Է. Շարմազանովը՝ տարկետման օրենքի շուրջ ուսանողների հետ հանդիպման մասին

183

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հետ պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների քննարկումն արդյունավետ էր և ստացված. կլոր սեղան քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նիստը վարող, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նախ շնորհակալություն հայտնեց ուսանողներին կառուցողական մոտեցման համար, ինչպես նաև գործընկեր պատգամավորներին, ԿԳ նախարարին ու ՊՆ փոխնախարարին, որ բարձրացված սուր հարցերը բացառապես կառուցողական դաշտ տարան:

«Կարող եմ ասել, որ շատ լավատես եմ նաև երջանիկ, այն, ինչ նախատեսել էի ես իմ մտքում, նաև Դավիթենք, կարողացանք իրականացնել և ունեցանք  առարկայական նորմալ քննարկում, առանց ավելորդ էմոցիաների»,- ասաց նա:

Ըստ Շարմազանովի՝ այս քննարկման արդյունքում հնարավոր եղավ մոտեցնել կողմերի տեսակետները: «Բազում էին օրինակները, երբ կարծիքներն ընդհանուր լուծման առումով համընկնում էին, բոլորս էլ մեկ նպատակ ունենք՝ Հայաստանի Հանրապետության հզորացում, կրթության, գիտության զարգացում, պաշտպանողական խնդիրների ավելի արդիական լուծում»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նաև հավելեց, թե առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ: «Երկու շաբաթ ժամանակ են վերցրել, որ ուսանողները բոլոր առաջարկությունները փաստաթղթավորված ներկայացնեն ԿԳՆ և ՊՆ: Եթե կոնկրետ իմ և ԱԺ ղեկավարության միանալու կարիքը կլինի, մենք պատրաստ ենք: ԱԺ ղեկավարությունը կարողացավ բանակցությունների առաջին փուլը արդյունավետ ավարտել և անցնում ենք առարկայական քննարկումների, որպեսզի Կառավարության որոշումներում և ենթաօրենսդրական ակտերում հստակեցվեն գիտության և անվտանգության խնդիրները իրարից չտարանջատելով»,- ասաց նա և նշեց, որ երկու շաբաթ անց կկապվեն ուսանողների հետ կսկսեն առաջարկությունների ուսումնասիրությունը:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ աշխատանքային խումբը կստեղծվի ՊՆ-ի և ԿԳՆ-ի կողմից, որում անպայման կընդգրկվեն նաև ուսանողները:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ