Ադրբեջանում հայատյացությունը պաշտոնական քաղաքականություն է. Անժելա Էլիբեկովա

255

Ցավոք սրտի, Ադրբեջանում հայատյացությունը պաշտոնական քաղաքականություն է, ահա, թե ինչու է դա վտանգավոր: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է քաղաքագետ Անժելա Էլիբեկովան:

«Հայատյացությունն Ադրբեջանում հովանավորվում է առաջին դեմքից սկսած, ամենավերևից և պաշտոնյաների կողմից արդեն տարածվում է մամուլում, մամուլից գնում է հասարակության լայն շրջանակներին, և այդ հայատյացությամբ հեղեղված է ամբողջ հասարակ ադրբեջանցուն շրջապատող իրականությունը՝ սկսած մանկական գրականությունից, դասագրքերից, մամուլից, գիտական աշխատանքներից: Այսինքն՝ այդ մարդն ուր պտտվում է, հանդիպում է այդ երևույթին»,- համոզմունք է հայտնել քաղաքագետը:

Նա վստահեցրել է, որ հայատյացության դրսևորումներ կան մեր ցանկացած հարևան երկրում: Անժելա Էլիբեկովայի դիտարկմամբ՝ եթե մենք նրանց մամուլը մի փոքր վերլուծենք՝ և՛ Վրաստանում, և՛ Թուրիքիայում, և՛ Իրանում կհանդիպենք հայատյացության երևույթի: Ամեն երկրում կան այդպիսի ծայրահեղականներ, որոնք արտահայտում են նման կարծիքներ: Բայց Ադրբեջանում, այդ առումով, ծայրահեղական իրավիճակ է:

«Երկրից դուրս, իհարկե, իրավիճակը մի փոքր այլ է: Ադրբեջանցիները, որոնք ապրում են արտասահմանում, ավելի ադեկվատ են: Նախ, ունեն հնարավորություն ստանալու ինչ-որ ալտերնատիվ կարծիք, ինֆորմացիա, երկրորդ. կարողանում են շփվել հայերի հետ, հասկանում են, որ հայերի մասին իրենց մոտ ստեղծված ստերեոտիպերը, բացասական կերպարն իրականությանը չեն համապատասխանում»,-պատմել է քաղաքագետը:

Նրա գնահատմամբ՝ մեզ համար վախենալու, բավականին տագնապալի երևույթ է, որ Ադրբեջանում դեռ փոքրուց արդեն սկսում են սերմանել ատելություն հայերի նկատմամբ: «Նկարչություն, գրականություն, երաժշտություն, ցանկացած դասագրքում, դպրոցական ծրագրում կարող ենք հանդիպել այդ երևույթներին, և կենսաբանության դասագրքում, և մաթեմատիկայի դասագրքում օրինակներ կարող են լինել, որ պատմեն, թե քանի ադրբեջանցի է սպանել հայ օկուպանտը ղարաբաղյան հակամարտության ժամանակ, նման աբսուրդ օրինակների կարող ենք ցանկացած դասագրքում հանդիպել: Երբ սկսում էինք ուսումնասիրել խնդիրը, մեզ էլ էր թվում, թե պատմության դասագրքերով կսահմանափակվենք, բայց ինչքան ավելի խորն ենք ուսումնասիրում, այնքան ավելի սարսափելի է դառնում պատկերն իրականում»:

Անժելա Էլիբեկովան նշել է, որ տարբեր երկրների պատմության դասագրքերում կարող են տարբեր կարծիքներ լինել այս կամ այն պատմական դեպքի մատուցման: «Ֆրանսիական դասագրքերում չենք հանդիպի «նենգ գերմանացիները, ստոր գերմանացիները, որ ուտում էին ֆրանսիացիների հացը, հետո նենգաբար դավաճանեցին և իրենց թիկունքին դանակ խրեցին»: Այսինքն՝ նման արտահայտություններ, որ ադրբեջանցիները տարածում են, որևէ եվրոպական երկրի դասագրքում, ես վստահ եմ ՝ չենք հանդիպի»:

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանում նույնիսկ այդ լոզունգները և դաստիարակման մեթոդներն այնպես են, ինչպես Գերմանիայում էր: Հետո աշխարհը տեսավ, թե ինչի դա բերեց Գերմանիայում: Շատ ցավոտ, ծանր դենացիֆիկացիայի պրոցեսի մեջ այդ հասարակությունն ընկավ՝ հոգեբանական շատ բարդ վիճակ: Դա օրերից մի օր սպառնում է նաև Ադրբեջանին:

«Հայկական դասագրքերում որևէ նման դեպք չեմ հանդիպել: Մենք առաջին հերթին այդ հայատյացությունը ցույց ենք տալիս, որ հասարակությունն իմանա, թե ինչ մատղաշ սերունդ է դաստիարակվում իրենց երեխաների կողքին հարևան երկրում, և երկրորդ. դա մեզ համար պետք է լինի ուղենիշ, թե ինչպես չպետք է դաստիարակել երեխաներին: Ատելության մթնոլորտն, այնուամենայնիվ, վտանգավոր է հասարակության համար: Ադրբեջանցիների՝ անընդհատ երեխաների մեջ սերմանած ագրեսիան հայերի բացակայության պարագայում գնում է դեպի ներս: Այստեղ և կրիմինալի աճ կլինի, և հանցագործությունների աճ, և սուիցիդների աճ կա՝ այդ ագրեսիան դուրս չհանելու հետևանքով, և իրար են սպանում: Սրանք այդ երևույթների հոգեբանական հետևանքներն են»,-վստահեցրել է Անժելա Էլիբեկովան:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ