ՀՀ ամբողջ տարածքում մինչև հունվարի 13-ը ներառյալ անամպ երկինք և առանց տեղումների եղանակ է սպասում. Գագիկ Սուրենյան

385
Առաջիկա օրերին՝ հունվարի 13-ը ներառյալ, հանրապետության ամբողջ տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, իսկ անտիցիկլոնն այնպիսի մթնոլորտային երևույթ է, որի դեպքում ձևավորվում է անամպ երկինք և առանց տեղումների եղանակ: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ նկատելով, որ առաջիկա 5 օրերին հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ չեն կանխատեսվում:

«Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին՝ ասեմ, որ օդի ջերմաստիճանը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի հիմնականում 5-6 աստիճանով, իսկ հանրապետության մյուս շրջաններում առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանի փոփոխություն բացարձակապես չի սպասում: Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին հիմնականում կանխատեսվում է -2-ից -4 աստիճան, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +9»,- ասաց Գագիկ Սուրենյանը։

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձ է մոտ 4-5 աստիճանով, այսինքն՝ բազմամյա միջինից շեղված է 4-5 աստիճանով: Սակայն նա վտանգավոր որևէ բան այստեղ չի տեսնում, միայն նկատում է, որ հանրապետությունում ձնածածկույթը քիչ է:

Հարցին՝ ձնածածկույթի սակավությունը խնդիրներ չի առաջացնի, երաշտի վտանգ կա՞, Գագիկ Սուրենյանը պատասխանեց. «Այս պահին դեռևս վաղ է սրա մասին խոսել, որովհետև մենք ունեցել ենք տարիներն, որ այս ժամանակահատվածում քիչ է եղել, բայց հետո լրացվել է, ավելին՝ նորմայից շատ է եղել: Սակայն հիմա հանրապետությունում ձնածածկույթը նորմայից ցածր է, այսինքն՝ լեռնային շրջանների առանձին հատվածներում կա, բայց բնակավայրեր կան, որտեղ ընդհանրապես չկա: Հովտային գոտում՝ Լոռիում, Տավուշում, Արարատյան դաշտում, Արագածոտի նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, ամբողջ Սյունիքում ձնածածկույթը բացակայում է: Ձյուն կա միայն լեռնային բնակավայրերի առանձին հատվածներում՝ Շիրակի մարզում՝ 10-13 սմ, Գեղարքունիքում՝ 2-5 սմ, Կոտայքի լեռնային շղթաներում՝ մինչև 9 սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 2-7 սմ, ամենաշատը Ջերմուկում է՝ 39 սմ»:

Загрузка...