Իրանում իրավիճակը լարված է, բայց լուրջ ապակայունացում չի լինի. փորձագետներ

49

Իրանում իրավիճակը դեռևս լարված է, թեև վերջին օրերի ցույցերը կարծես թե աստիճանաբար հանդարտվում են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նա Իրանում իրավիճակը ճգնաժամային որակեց նաև քաղաքական առումով և շեշտեց, թե Իրանի իշխանություններն այսօր կանգնած են բարդ մարտահրավերների առաջ:

«Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ասեմ, որ կա 20 զոհ, ձերբակալվածների թիվը, ըստ Իրանի պաշտոնական տվյալների, 3700 է: Սակայն ձերբակալվածների թիվն այստեղ ճշգրիտ չէ, քանի որ անվտանգության տարբեր ուժերի կողմից էլ կան ձերբակալվածներ, ավելին՝ իրար հակասում են տարբեր գերատեսչությունների ներկայացրած տվյալները: Ուսանողներ կան ձերբակալվածների թվում՝ 200 հոգի տարբեր համալսարաններից»,- ասաց նա:

Իսրայելյանը նշեց, որ Իրանում այս պահին խորհրդակցությունների փուլ է. նախագահ Հասան Ռոհանին խորհրդակցություններ է հրավիրել տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ, և նրանց հետ քննարկում է իրենց առաջիկա անելիքներն և բյուջեի նախագծի խնդրահարույց կետերը, որոնք ցուցարարների մոտ դժգոհություն են առաջացրել:

«Այս ընթացում Իրանում բավականին վատ աշխատեցին իրանական պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցները, սակայն հանդարտությունից հետո աստիճանաբար իրենց տեսակետն են հայտնում վերլուծաբանները և այլն: Ռոհանին, օգտվելով ստեղծված իրավիճակից, քննադատություն էր ուղղում այս ոլորտի պատասխանատուներին, որոնք սահմանափակեցին տեղեկատվությունը»,- նշեց Արմեն Իսրայելյանը:

Իրանագետ Հրաչյա Հակոբյանն էլ նախ համաձայնեց գործընկերոջ հետ և անդրադարձավ Իրանում կատարվող ակցիաների հիմքին: Նա շեշտեց, թե ինքը համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ դրանք սոցիալական ու ինքնաբուխ ցույցեր էին:

«Իրանում ցույցերը սկսեցին ցույցերի համար ոչ հարմար քաղաքում, քանի որ Մաշհադ քաղաքը պահպանողական է, կրոնական ավանդություններն ավելի սուր են արտահայտված: Ես այստեղ քաղաքական ուժի հրահրում եմ տեսնում, որովհետև սոցիալական բողոքի դուրս եկած անձանց մեծամասնությունը սոցիալական այս բողոքի մեջ չէր տեղավորվում, նրանք Իրանի 50-ից ավել քաղաքներից տարբեր են: Մաշհադի ցուցարարների 2/3-րդը սևազգեստ կանայք էին և աշխատում են պետական ապարատներում կամ կրոնական հիմնարկներում»,- նկատեց Հակոբյանը:

Հրաչյա Հակոբյանի կարծիքով՝ սոցիալական բողոքի հիմքում պահպանողական կուսակցության հրահրումն է, քանի որ Իրանում քաղաքական ուժերի մեջ բավականին խորը բևեռացում կա, ինչը բերում է հակասությունների: Դիտարկմանը, որ որևէ մեկը պատասխանատվություն չվերցրեց ցույցերի համար, իրանագետն արձագանքեց. «Ցույցերը դուրս եկան հրահրման շրջանակից և ոչ ոք չէր հանդգնի այդ պատասխանատվությունը վերցնել: Ցույցերի ժամանակ հնչեցին հակաիսլամական, հակապետական կոչեր, ինչն Իրանի Սահմանադրությամբ մինչև մահապատիժ կարող է դատապարտվել, և որևէ մեկը չէր հանդգնի պատասխանատվությունն իր վրա վերցնել»:

ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ խոսեց Իրանում կատարված գործողությունների մեջ արտաքին ուժերի ազդեցության մասին: Նրա դիտարկմամբ՝ որքան էլ ընդունված է ասել, որ ներքին խժդժությունները կամ իշխանափոխությունը ներսից է լինում, միևնույն է՝ չի կարելի անտեսել այն, ինչ կատարվում է աշխարհաքաղաքական գետնի վրա:

«Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Թրափը հայտարարեց ռազմավարական անվտանգության դոկտրինը, որտեղ առաջին 2 թշնամիները նշվեցին ՌԴ-ն ու Չինաստանը, բայց մենք գիտենք, որ կիզակետում հիմնականում գտնվում է Իրանը, սլաքը դեպի Թեհրանն է: Ներսից իմանալով ԱՄՆ քաղաքական գործընթացը՝ չենք կարող անտեսել, որ այս բոլորի հետևում կանգնած են վաշինգթոնյան կենտրոնները, որոնք փորձում են ուղղորդել Իրանի ներքին ըմբոստությունը: Թե որքանով է ստացվում՝ այլ բան է, քանի որ Իրանում իշխանությունը կոնսոլիդացվեց, ինչը Վաշինգթոնի սխալ հաշվարկների արդյունքն էր: Իրանում հեշտ չէ խնդիրներ առաջացնել, այդ հսկային տեղից շարժել»,- ասաց Արման Նավասարդյանը:

Վերջինս գտնում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերանայել Իրանի միջուկային պայմանագիրը, սակայն Իրանը երբեք չի հրաժարվի իր նպատակից:

«Այս գաղափարը եղել է շատ վաղ ժամանակներից, Իրանը պետք է ունենա միջուկային զենք, ինչը մեծ բարեբախտություն կլինի նաև ՀՀ-ի համար: Իրանը, լինելով տարածաշրջանի համար 1 պետություն, չի կարող այդ զենքը չունենալ, այն դեպքում, երբ շրջապատում՝ Իսրայելում, ՌԴ-ում, Ֆրանսիայում և այլն, ունեն: Կարծում եմ՝ 5-10 տարի հետո, անգամ, եթե պատժամիջոցներ լինեն, Իրանը կգտնի հնարավոր միջոցներ և կունենա այդ զենքը»,- շարունակեց Նավասարդյանը:

Արման Նավասարդյանն ընդգծեց, որ Իրանում լուրջ ապակայունացում չի լինի, քանի որ Իրանը բավականին հզոր պետություն է և ունի խելացի ղեկավարներ:

Նյութի աղբյուրը՝ http://www.tert.am/

 

Загрузка...