Մեծ վտանգ կա շղթայական գնաճի. եթե շարունակվեն այս խուճապային, գնաճային տրամադրությունները՝ մենք կունենանք լուրջ ցնցումներ. Արմեն Ճուղուրյան

131

Տնտեսության այդ բանդիտիզմը միշտ էլ գոյություն ունի մեր երկրում, և դա պետք է վերջնականապես արմատախիլ անել, որովհետև օլիգոպոլիկ տնտեսության պայմաններում անխուսափելի են անբարեխիղճ մրցակցության միտումները և անխուսափելի են հանցավոր գնային համաձայնությունները: Այս մասին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանն ասել է «Երկիր մեդիայի» եթերում՝ վերլուծելով գնաճի պատճառներն ու հետևանքները:

«Նախագահի հրավիրած խորհրդակցությունը դեռևս ուշացած էր, քանի որ գնաճային սպասումները բոլորիս էլ հայտնի էին, մանավանդ կառավարությանը»-ասել է տնտեսագետը:

Նրա ձևակերպմամբ՝ գնաճի հետևանքները մեղմելու շատ գործիքներ կան: Կառավարությունն առաջինը պետք է համակարգի գնաճը զսպող բոլոր օղակները, դրանք են Կենտրոնական բանկը, ՏՄՊՊՀ-ն, Ֆինանսների նախարարությունը:

«Մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը, եթե ստեղծվի մի մարմին, որ գնաճային զսպման կարգավորիչ դեր ունենա, կարծում եմ, գնաճը կկարգավորվի ադմինիստրատիվ ճանապարհով: Բայց սա կարճաժամկետ ցնցումներից խուսափելու միջոց է: Կա նաև երկարաժամկետ գնաճային կարգավորման գործիք, որը մեր տնտեսության զարգացումն է: Այսինքն՝ մեր եկամուտները կաճեն, դրանից հետո կաճեն նաև գները, բայց այդ գնաճի ցավը ազգաբնակչությունն արդեն չի զգա, որովհետև բնակչությունը մինչ այդ կունենա եկամտային աճ»,-նշել է Արմեն Ճուղուրյանը:

Նրա ձևակերպմամբ՝ անշուշտ քաղաքական կամք է պետք ցուցաբերել տնտեսական նորմալ իրավիճակ ունենալու համար, բայց տնտեսական որոշումներն էլ շատ կարևոր և որոշիչ դեր պետք է ունենան այս գործընթացում: «Գնաճային երևույթը տնտեսագետի աչքերով նորմալ է, գնաճը պետք է լինի չափի մեջ, ողջամտության սահմաններում: Ցանկացած երկրի օրինակ դիտարկելով՝ կհասկանանք, որ մինչև 3-4 տոկոս կանխատեսումներով գնաճը դրված է բյուջեի հիմքում, այդ թվում՝ մեր երկրի բյուջեի հիմքում, որովհետև առանց գնաճի տնտեսական աճ չկա: Բայց գնաճը պետք է լինի չափի մեջ, մինչև 3-4 տոկոս, ոչ ավել»:

Տնտեսագիտության պրոֆեսորը նշել է, որ ըստ վիճակագրության՝ գնաճային մեծ ցնցումներ ունեցել ենք դեռևս 2014-15 թթ., երբ գնաճը մինչև 7-8 տոկոս էր,  բայց ազգաբնակչության եկամուտներն ընդամենը 4 -5 տոկոսով աճեցին: Սրանք պաշտոնական թվեր են: Գնաճը տարավ աղքատացման, հիմա նորից նույն վտանգը կա: «Ընդամենը 3-4 ներկրողի վերահսկել իրենց գործունեությամբ՝ դժվար գործ չէ պետության համար: Միայն քաղաքական կամք է պետք այդ սև գործընթացի դեմն առնելու համար: Հիմա շատ մեծ վտանգ կա շղթայական գնաճի, այս խուճապային, գնաճային տրամադրությունները եթե շարունակվեն, ապա մենք կունենանք լուրջ ցնցումներ, նաև սոցիալական ցնցումներ, որովհետև թանկանում են կենսական խիստ անհարժեշտ ապրանքատեսակներ»:

Տնտեսագետի բնորոշմամբ՝ սպառողական զամբյուղը մի քիչ ընդգրկուն է, դրա մեջ են նաև հանգիստը,  մշակույթը, զվարճանքները: «Այդ զամբյուղում կա մի փոքրիկ զամբյուղ՝ կենսաապահովման  զամբյուղ,  որն ուղղակի մեր ֆիզիոլոգիական, չմեռնելու գինն է: Եվ փաստորեն, տեսեք, թանկացած ապրանքները՝ կարտոֆիլ, միս, կարագ, ձեթ»:

Загрузка...