Կարո Փայլանը կանչվել է դատախազություն՝ Եվրոպայում հայերի ու քրդերի դեմ մահափորձերի շարքի մասին ցուցմունք տալու

58

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ներկայացել է Անկարայի դատախազություն՝ Եվրոպայում հայերի, ալևիների և քրդերի դեմ մահափորձերի շարքի նախապատրաստման մասին տեղեկության հիման վրա հարուցված գործի շրջանակում ցուցմունք տալու:

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Փայլանին ուղեկցել են նրա փաստաբանները:

Հայազգի պատգամավորը շեշտել է, որ տարիներ առաջ գրեթե նույն կերպ թիրախավորվել ու սպանվել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը:

«Այս երկրի պատմության մեջ կա Հրանտ Դինքի սպանության մասին մի իրականություն: Այդ շրջանում նա էլ մամուլի ու իշխանությունների կողմից թիրախ դարձավ: Նա իմ ընկերն էր, ես ցանկացա, որ լքի երկիրը, բայց նա մնաց ու սպանվեց: Այժմ էլ քաղաքական գործիչների ու մամուլի կողմից թիրախի տակ են առնվում մի շարք մտավորականներ, նրանց թվում՝ նաև Ջան Դյունդարը: Գերմանիայից տեղեկություններ ստացանք, որ նրանց դեմ մահափորձեր են նախապատրաստվում: Այս թեմայի վերաբերյալ որևէ իրեղեն ապացույց ու փաստաթուղթ չկա, կա բանավոր տեղեկատվություն միայն», – ասել է Փայլանը:

Կարո Փայլանն ավելի վաղ զգուշացրել էր, որ հայերի, ալևիների, քրդերի, ինչպես նաև Թուրքիայում եղած ճնշումների հետևանքով երկիրը լքած ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի մի ամբողջ շարք նախապատրաստող ու Թուրքիայից ուղղորդված հանցախումբն արդեն ցուցակ ունի կազմած:

Տեղեկատվությունը հաստատել էին եվրոպաբնակ ստամբուլահայ մի շարք մտավորականներ. մասնավորապես՝ թուրքական demokrathaber.org կայքի նախկին խմբագիր Հրանտ Գասպարյանը, որը վերջին ամիսներին մշտական բնակության նպատակով տեղափոխվել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, հայտնել էր, որ մահափորձերի շարքի մասին տեղեկություն ստանալուց հետո համալրել է գերմանական իշխանությունների կողմից հատուկ պաշտպանության տակ առնված անձանց շարքը:

Օրեր առաջ Բրյուսելում անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել հայկական  «Սահակյան» միությունը, որի հիմնադիր կազմի մեջ կան ծնունդով Թուրքիայից հայեր:

Հայտնի էր դարձել նաև, որ առկա վտանգի պատճառով պոլսահայ գրող Հայկո Բաղդադը Բեռլինում ստիպված է եղել ելույթ ունենալ զրահապատ բաճկոնով: Բրյուսելյան դեպքից հետո նա սոցցանցերից մեկի իր էջում գրել էր. «Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ՝ լրջորեն վերաբերվեք Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին»:

Օրերս էլ Գերմանիայում մահափորձի է ենթարկվել հայտնի քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքին, ինչի համար նույնպես կասկածվում են թուրք ազգայնականները: Վերջինս ոստիկանությանը տված իր վկայության մեջ նույնպես հաստատել է, որ իր դեմ հարձակումը կարող է լինել թուրք ազգայնականների գործը:

Загрузка...