Հղիության ընթացքում պարացետամոլի ընդունումը կարող է վտանգավոր լինել երեխայի համար. հետազոտություն

103

Դանիացի գիտնականները պարզել են, որ հայտնի հակաբորբոքային միջոց պարացետամոլը կարող է խիստ վտանգավոր լինել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիղիության ընթացքում օգտագործելու դեպքում այս դեղամիջոցը կարող է ազդել կնոջ ապագա դստեր պտղաբերության վրա:

Կոպենհագենի համալսարանի մասնագետներն անց են կացրել երեք ուսումնասիրություն և պարզել, որ հղիության ընթացքում պարացետամոլի ընդունումն անհետ չի անցնում իգական սեռի երեխաների վերարտադրողական համակարգի համար:

Գիտափորձերի ժամանակ լաբորատոր մկները ստացել են պարացետամոլի այնպիսի չափաբաժին, որը համարժեք էր գլխացավից կամ ատամի ցավից ազատվելու համար օգտագործվող չափաբաժնին, որը թույլատրվում է հղի կանանց: Հետազոտությունը ցույց է տվել, որ նման թերապիայից հետո ծնված իգական սեռի մկներն ունենում են սովորականից շատ ավելի քիչ ձվաբջիջ:

Գիտնականները ենթադրում են, որ այս դեղամիջոցը կարող է նույն կերպ ազդել նաև մարդկանց վրա: Նրանց խոսքով՝ կանայք, ինչպես և էգ մկները, լույս աշխարհ են գալիս ձվաբջիջների սահմանափակ քանակությամբ, և մանուկ հասակում դրանց քանակի նվազումը նշանակում է, որ հետագայում նվազում է նաև հղիանալու հավանականությունը:

Հարկ է նշել, որ պարացետամոլը հաճախ նշանակվում է հղի կանանց որպես հակաբորբոքային ու ցավազրկող միջոց, քանի որ համարվում է, որ այն ավելի քիչ կողմնակի բարդություններ է առաջացնում:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Загрузка...