«Վարչապետն անտեղյակ է». ԱԺ փոխնախագահի կոշտ պատասխանը վարչապետին

585

Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը

Պարոն Մելքումյան, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում ոչ միայն մերժեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, այլ նաև ռեպլիկի կարգով նշեց, որ հնարավոր է պարբերաբար  պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն։ Ինչպե՞ս եք գնահատում։

Երևի ինքը տեղյակ չի, որ մենք գյուղատնտեսության նախարարի հետ հատուկ խումբ էինք ստեղծել մի 2 ամիս առաջ, և այդ խմբում նախարարության և մեր փորձագետները աշխատել են, նաև իրենց իրավաբանական ծառայության ներկայացուցիչը։ Գյուղատնտեսության պետական աջակցության նախագծի շուրջ աշխատել ենք և քննարկել բոլոր առաջարկությունները։ Իսկ պոպուլիզմն այն է, որ խոստումներ են տալիս ու չեն կատարում իրենց խոստումները և ներդրումների մասով, և այլ ոլորտների մասով, և նրա մասով, որ նախորդ տարվա բյուջեն շուրջ 46 մլրդ դրամի չափով թերակատարել են։ Դա է, իմ կարծիքով, պոպուլիզմը։

Իսկ մենք ասում ենք, որ գյուղատնտեսությունը պետք է պետական աջակցություն ստանա ոչ թե կառավարության քմահաճույքով, որ ուզենա-չուզենա աջակցի, կամ որքան աջակցի, այլ օրենքով սահմանվի պարտավորություն, որ կառավարությունը պարտավոր է գյուղատնտեսության աջակցել։ Մենք այդ օրենքով նաև սահմանել ենք սկզբունքները։ Այդ որ ասում են՝ հաշվարկներ կաn, թե չկաn, իհարկե, բոլոր տեսակի հաշվարկներն էլ կաn։ Թող բարի լինեն իրենց գյուղատնտեսության նախարարին կանչեն հարցնեն, որը կառավարության նիստից առաջ գործուղման է գնացել և զանգահարել ասել էր, թե ինչ կարծիք են գրելու, որ միասնական մոտեցումներով շարժվենք առաջ։ Երևի վարչապետը տեղյակ չի, որ մենք նախարարի հետ աշխատում ենք և որոշակի մոտեցումներ ենք որդեգրում։ Թող բարի լինի իր նախարարի հետ խոսի և տեղեկացված լինի։

Վարչապետը փորձեց ճշտել՝ թվեր ներկայացվե՞լ են, և բացասական պատասխան ստացավ։

Օրենքում թիվ չկա գրած, այլ գրված է՝ ինչքան բյուջեն աճում է, համամասնությամբ գյուղատնտեսությանը պետական աջակցությունը պետք է աճի։ Մենք թիվ սահմանելու իրավասությունը թողնում ենք կառավարությանը, որ եթե բյուջեն աճում է, ուրեմն պետք է նաև համապատասխանաբար աճեն գյուղատնտեսության աջակցության ծավալներն ու որակները։ Դա պետք է սահմանվի արդեն կառավարության համապատասխան կարգերով։ Սրա մասին է խոսքը։

Փաստորեն ձեր ներկայացրած բոլոր նախագծերը կառավարության կողմից մերժվում են։ Նախօրեին էլ վարչապետը շատ կոշտ գնահատական տվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

Ես նորմալ եմ գնահատում ստեղծված իրավիճակը։ Իշխանություն-ընդդիմություն պետք է որոշակի բանավեճ գնա ու դա նորմալ է։ Հակառակը կլիներ ոչ նորմալ, որ իրար ջան ասեին, ջան լսեին։

Վարչապետը հայտարարեց, որ թանկացումներն ընդամենը 2,6 տոկոս են կազմում։ Արդյոք իրատեսակա՞ն է այդ վիճակագրությունը, նաև վարչապետի գնահատականները թանկացումների հետ կապված։

Նախ պետք է ճշտել, թե այդ 2,6 տոկոսի համար հաշվարկները կա՞ն, թե ոչ։ Եթե կան հաշվարկներ, պետք է ասվի, թե ինչի՞ հաշվին է գնաճը 2,6 տոկոս։ Գնաճը հաշվում են 452 խումբ ապրանքներից։ Հիմա այդ 452 խումբ ապրանքների մասո՞վ է գնաճը 2,6 տոկոս, թե՞ սպառողական զամբյուղի մեջ գտնվող ապրանքների գնաճն է այդքան։ Այ, երբ դա ասվեր, մենք էլ կհասկանայինք՝ հաշվարկներ կա՞ն այդ 2,6 տոկոսի հետևում, թե չկան։

Փաստորեն վարչապետը թանկացումների հետ կապված ոչ մի սպառիչ պատասխան չտվեց։

Նա իր պատասխանները տվեց, ասաց, որ գազի գները հետ են վերադարձել 2015 թվականի գներին, որ թանկ են եղել։ Ասաց, որ եթե բենզինը թանկանում է, այլընտրանք կարող է լինել անցումը գազին։

Նյութի աղբյուրը՝ http://www.lragir.am/

Загрузка...