Նախագահի ընտրության փուլերի քանակների քննարկումը կեղծ օրակարգ է

82

Մոտ ապագայում Ազգային Ժողովը կընտրի ՀՀ 4-րդ նախագահին, ինչպես սահմանում է ՀՀ Սահմանադրությունը։ Եվ եթե նախկինում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության ժամանակ էական նշանակություն ուներ, թե ընտրությունները քանի փուլով կանցնեն, քանի որ փուլերի քանակը ուղղակիրոն պայմանավորում էր հասարակական-քաղաքական հուզումները, որոշ դեպքորում լուրջ ցնցումներն  ու դրանց շարունակականությունը, ապա այժմ այդ ամենը այլևս անցյալում է։ Ավելին, եթե նախկինում որևէ թեկնածուի հաղթելու շանսերը բացառապես կախված էր հասարակության քվեներից, ու ոչ մի թեկնածուի մասով հնարավոր չէր հստակ ասել, որ նա հաղթող է դուրս գալու մրցապայքարում, ապա այժմ դա ևս անցյալում է և որևէ թեկնածուի առաջադրման դեպքում անմիջապես հստակ ուրվագծվում է նրա ընտրվելու կամ չընտրվելու տարբերակները։
Թվում է, թե այժմ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը այլևս տեսանելի սցենարով է գնալու, և քաղաքական մեծամասնության առաջադրած թեկնածուի ընտրության համար ոչ մի խանգարող հանգամանք չկա, քանի որ դա է հուշում Ազգային Ժողովի խմբակցությունների մանդատների պարզ մաթեմատիկան վերլուծությունը։ Սակայն հայաստանյան լրատվամիջոցների մի սեգմենտ ուղղորդված կերպով լծվել է մի թեմայի՝ դա արհեստականորեն դարձնելով ներկայիս կեղծ օրակարգերից մեկը, այն է՝ քանի՞ փուլով կընտրվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվող թեկնածուն։
Թե ինչու է այս թեման դարձել կեղծ օրակարգ, պարզ չէ։ Թերևս այդ ուղղությամբ աշխատող զլմ-ներն իրենք ավելի լավ գիտեն այս հարցի պատասխանը։ Սակայն պարզ է մի բան, որ հասարակության համար էական չէ և որևէ նշանակություն չունի այն հարցը, թե քանի փուլով կընտրվի Հայաստանի 4-րդ նախագահը, քանի որ հասաարակությունը նոր Սահմանադրությամբ ամբողջությամբ օտարված է այդ գործընթացից։ Ավելին այս հարցը չի կարող օրակարգային լինել նաև հայաստանյան քաղաքական դաշտի համար, քանի որ արդեն կա ձևավորված Խորհրդարան, կան քաղաքական ուժեր, որոնք Խորհրդարանում կազմում են մեծամասնություն և որոնք ըստ ստացած քվեների և ըստ գործող Սահմանադրության իրավասու են և ի վիճակի են առաջադրել թեկնածու և ընտրել նրան ՀՀ նախագահ։
Ի՞նչն է այդ դեպքում պատճառը, որ ապագա նախագահի ընտրության փուլերի քանակը հայտնվել է զլմ-ների ուշադրության կենտրոնում և ամեն օր թմբակահարվում է։ ՀՀ նախագահի՝ մեկ կամ երկու փուլով ընտրությունը լուծելո՞ւ է այսօր բոլորին հուզող թանկացումների հարցը։ Ո՛չ։ Լուծելո՞ւ է աղքատության հարցը։ Ո՛չ։ Գուցե դա կասեցնելո՞ւ է արտագաղթը։ Անգամ մեծ ջանքերի արդյունքում հնարավոր էչ որևէ կապ գտնել ՀՀ ապագա նապագահի ընտրության փուլերի քանակի և, օրինակ, արտագաղթի կասեցման միջև։
Եթե այս հարցերի պատասխանը կամ լուծումը որևէ կերպ կապված չէ ՀՀ ապագա նախագահի ընտրության փուլերի քանակի հետ, ապա դրանք ոչ մի կերպ չեն կարող օրակարգային լինել, քանի որ դրանք որևէ լուծում կամ պատասխան չեն տալիս հանրությանը իսկապես հուզող, օրակարգային հարցերին։ Իսկ եթ դրանք օրակարգային չեն, ուրեմն շահարկվում են և շոշափվում են արհեստականորեն, ուղղորդված կամ գուցե հրահանգված ձևով։
Պարզապես հայկական լրատվադաշտը սովորել է գործել ու գոյատևել ինտրիգներով և անգամ դրանց բացակայության դեպքում ինտրիգներ ստեղծելու կամ ծնելու պաթոլոգիկ հակում ունի, և այս դեպքը դրանցից մեկն է։ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն դեռ անգամ պաշտոնապես իր համաձայնությունը չի հայտնել առաջադրվելու համար, չի հանդիպել քաղաքական որևէ ուժի հետ, այնինչ որոշ զլմ-ներ ամեն օր քննարկում են այն թեման, թե քանի փուլով կանցնի ՀՀ ապագա նախագահի ընտրությունը, և դա այն դեպքում, երբ այսօր ամենաօրակարգային խնդիրը գնաճն է և դրա հետևանքները, երբ աղքատությունը անշեղորեն աճում է, իսկ արտագաղթը դարձել է ազգային անվտանգության խնդիր։ Այս հարցերը թողած՝ լծվել ՀՀԿ-ի թեկնածուի ընտրության փուլերի քանակի ամենօրյա քննարկմանը առնվազն ցինիզմ է, ինպես նաև ցածր պրոֆեսիոնալիզմի դրսևորում։
Հասարակությունը արդեն հոգնել է անիամստ ինտրիգներից, որոնք ոչ ինչ չեն տալիս հանրությանը։ Մեկանգամյա օգտագործման քաղաքական թեմաները, որոնք մոռացվելու են նույնքան արագ, ինչքան արագ մտել են լրատվադաշտ, ընդամենը քաղաքական շոուների բնույթ ունեն։ ՀՀ 4-րդ նապագահի ընտորւթյան սցենարի և փուլերի քանակի հարցի պատասխանը հստակ գրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում։ Դրանից այն կողմ բոլոր տեսակի քննարկումները ընդամենը ժամավաճառություն են ու որոշ դեպքերում նույնսիկ քաղաքական տգիտության դրսևորում այն քաղաքական ուժերի և զլմ-ների կողմից, որոնք նախաձեռնել ու տանում են այդ գործընթացը։

Կարինե Գասպարյան

Загрузка...