Այս գիշեր ՀՀ-ում գրանցվել է ձմռան ամենացուրտ եղանակը, վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա 8 – 10 և 14 -15 աստիճաններով. Գագիկ Սուրենյան

204

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Հայաստանում արձանագրվել է այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը: Այսպես՝ Հայաստանի լեռնային շրջաններում՝ Ապարան, Վարդենիս, Սիսիան և այլ տարածքներ, գրանցվել է -18 -20, , իսկ Արարատյան դաշտում՝ -4 -5 աստիճան:

Այս մասին Tert.am-ին հայտնած ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նկատեց, որ ցուրտ ջերմաստիճանը պայմանավորված է Ղազախստանի տարածքից ՀՀ ներթափանցած սիբիրյան սառը ջերմային հոսանքներով:

«Բայց այսօր այդ սառը օդային հոսանքները 180 աստիճանով փոխում են ուղղությունը՝ հյուսիսարևելյանից դառնում են հարավարևմտյան»,- ասաց Գագիկ Սուրենյանը։

Ըստ նրա՝ առաջիկա գիշերը Սև ծովի կողմից ՀՀ կներթափանցի թույլ մթնոլորտային տաք ճակատ՝ շատ թույլ քայքայված, ինչի արդյունքում ՀՀ-ի առանձին հատվածներում՝ հատկապես հյուսիսային կեսում հնարավոր են ձյան թույլ տեղումներ: Սակայն վաղը լուսադեմին կպարզվի, տեղումներն ամենուրեք կդադարեն, և վաղը ցերեկը նորից ողջ Հայաստանում տեղումներ չեն լինի:

Նույնը գործընթացը տեղի կունենա հունվարի 31-ի լույս 1-ի գիշերը. կրկին Սև ծովից Հայաստան կներթափանցի տաք ճակատը, և կրկին հնարավոր է թույլ ձյուն ՀՀ ողջ տարածքում, բայց փետրվարի 1-ի առավոտյան եղանակը կպարզվի, և տեղումները կդադարեն: Ուստի՝ փետրվարի 1-2-3-ին կլինի առանց տեղումների եղանակ ՀՀ ողջ տարածքում:

Ամփոփելով՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ վաղվանից մինչև փետրվարի 3-ը ներառյալ, Հայաստանը գտնելու է հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում այսօր գիշերվանից սկսած մինչև փետրվարի 3-ը, այսօրվա՝ հունվարի 29-ի հետ համեմատած օդի ջերմաստիճանն առանձին հատվածներում կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռի, Տավուշ, Սյունիք, Արցախ հատվածներում, այսօրվա հետ համեմատած, 14-15 աստիճանով:

Загрузка...