Արայի լեռան վրա ձնաբքի հետևանքով մահացածը արշավական Նաիրուհի Սիմոնյանն է

212

Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա ձնաբքի պատճառով մահացածը արշավական Նաիրուհի Սիմոնյանն է։

Այս մասին հայտնել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը։

Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է. «Նախապես ներողություն խնդրելով դեպքի վայրից երեկվա մեր հարկադրված լռության և ձեր մեկնաբանություններին չպատասխանելու համար, ցավով տեղեկացնում ենք, երեկ՝ հունվարի 28-ին, Էդգար Նավասարդյանի արշավական խմբի մի մասը Արա լեռան վրա տեղի ունեցած ձյան անկման հետևանքով հայտնվեց ծանր իրավիճակում՝ ձյան հետ սահելով լանջից ցած։

Դեպքի անմիջապես հետո խմբի անդամները ահազանգեցին մեզ և ԱԻՆ։

Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց տուժածներին օգնելու համար։ Րոպե իսկ չկորցնելով սրտացավ լեռնագնացների մի մեծ խումբ 40 րոպեից արդեն դեպքի վայրում էր՝ այնտեղ, որտեղ ձնահոսք էր եղել։ Մեր խմբի հետ միաժամանակ սկսեց բարձրանալ նաև Երևանի հատուկ նշանակության փրկարարական խումբը։

Ցավով արձանագրեցինք, որ խմբի արշավական մի աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանը, ըստ մեր կարծիքի, անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչի համար խոր ցավ ենք ապրում, և ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու կարեկցանքը։

2 ժամ տևողությամբ համատեղ փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին իջեցրեցինք ցած։ Պատահարի արդյունքում ոտքը կոտրվել է մի քանի տեղից և ցրտահարվել է։

Իհարկե, այժմ մեզ բոլորիս հետաքրքրում են պատճառներն ու անվտանգության ապահովման հարցը, ինչի վերաբերյալ կիսում եմ ձեր մտահոգությունը։ Սակայն կարծիքներ կարող ենք հայտնել թիմի անդամների և Էդգար Նավասարդյանի հայտնած տեղեկությունների, եղանակային պայմանները հաշվի առնելու և տեղանքի վտանգավորությունը գնահատելուց հետո միայն։

Շնորհակալ ենք բոլորից ամեն պահի մեզ աջակցման համար»։

 

Загрузка...