Չհիմնավորված արտահերթ ընտրություններն Ադրբեջանում անօրինական են․ REAL

271

«Հանրապետական այլընտրանք» շարժումը (REAL) հայտարարել է Ադրբեջանում ապրիլի 11-ի արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին՝ անվանելով դրանք «հապճեպ եւ չհիմնավորված քայլ»։

«Սա օրինականության տեսանկյունից կասկածելի քայլ է, որը նախաձեռնել է Իլհամ Ալիեւը նախագահի պաշոնին կրկին արագորեն տիրանալու համար»,-նշված է փետրվարի 5-ին շարժման տարածած հայտարարության մեջ։

REAL-ը համարում է, որ այս առաջարկը հակասում է 2016 թվականին կատարված սահմանադրական փոփոխություններին։ «Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը կրճատում է արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու առանց այդ էլ սահմանափակ հնարավորությունն Ադրբեջանում»,-ընդգծված է հայտարարությունում։

Փաստաթղթի հեղինակները սահմանափակող միջոց են համարում  ինչպես նախկին՝ 2013 թվականի ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա նախագահի պաշտոնի հիմնական այլընտրանքային թեկնածուներից մեկի բանտում պահելը։

REAL-ը հայտարարում է, որ մինչեւ արտահերթ ընտրությունների համար խելամիտ բացատրություններ չներկայացվեն, վերոնշյալ սահմանափակումները չվերացվեն, ընտրությունները չեն կարող համարվել օրինական եւ այդ գործընթացը կդառնա ոչ ավելին, քան «վատ բեմադրված ներկայացում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են կատարել ՄԻԵԴ որոշումը եւ ազատ արձակել Իլգար Մամեդովին։

Загрузка...