«Ադրբեջանում հասկացել են, որ թերագնահատել են հայկական կողմին». Աշոտ Մովսիսյան

206

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են բանակցություններում ակտիվություն մտցնել, քանի որ կա 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան գործողությունների օրինակը.

«2014-15 թվականներին բանակցային գործընթացը մտել էր սառեցման փուլ, և Ադրբեջանի հիմնական ցանկությունն այն էր, որ բանակցային գործընթացն ավելի ակտիվանա։ 2014թ. սահմանային բախումները միտված էին հենց դրան, բայց Ալիևի պատկերացմամբ՝ բանակցություններն այդքան էլ չակտիվացան, այդ իսկ պատճառով տեղի ունեցան 2016 թվականի ռազմական խոշոր գործողությունները։ ԵԱՀԿ ՄԽ-ն կարծես հասկացել է, որ Ադրբեջանը խոսում է շանտաժի լեզվով, և, եթե գոնե հանդիպումներ չկազմակերպվեն, թեկուզ տեխնիկական հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն, ապա Ադրբեջանը նորից կարող է սահմանում լարվածությունը սրել, որն ուղղված կլինի նաև ներհասարակական տրամադրությունների վրա։

ՄԽ-ն փորձում է հիմա ավելի շատ տեխնիկական հարցերի շուրջ բանակցությունների գնալ, բայց հարցն այն է, որ անգամ նման տեխնիկական հարցերի շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, էլ ուր մնաց՝ բուն խնդրի շուրջ։ Սա նշանակում է, որ կողմերի միջև խնդրի լուծման պատկերացումները բավականին հեռու են իրարից։ Ադրբեջանի ակնկալիքը հակամարտության արագ և իր շահերից բխող լուծումն է»։

Ադրբեջանագետի կարծիքով՝ շփման գծի վերջին լարվածությունը պայմանավորված է ոչ թե ՄԽ համանախագահների այցով, այլ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Ալիևի որոշումից Ադրբեջանի հանրության ուշադրությունը շեղելու նպատակով. «Իհարկե, նրանք հայկական կողմի զոհը չեն մեկնաբանի, կամ կբերեն որոշակի ծիծաղելի պատճառներ, բայց եթե սահմանում լարվածությունն աճի, ապա դա միանշանակ պայմանավորված կլինի Ադրբեջանի իշխանության կողմից հասարակությանը շեղելով։ Սրացումներ կարող են լինել, բայց ես բացառում եմ, որ դրանք կլինեն ապրիլյան գործողությունների նման, որովհետև նախընտրական շրջանում Ալիևը չի կարող իրավիճակն այդ աստիճան սրել և ընտրություններում հաջողություններ ունենալ»։

Մովսիսյանի խոսքով՝ Ալիևը ռազմական գործողություններ կսկսի միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ իրոք պատրաստ է և  կարող է լուրջ հաջողությունների հասնել առաջնագծում. «2016 թվականին նրանք հասկացան, որ շատ մեծ չափով թերագնահատել են հայկական կողմին, և այսօր օբյեկտիվ մտածող ադրբեջանական վերլուծական դաշտը հասկանում է, որ 2016 թվականին այլ առաջնագիծ էր հայկական կողմում, այսօր՝ այլ, և ռազմական գործողությունները մի քանի անգամ բարդ են լինելու Ադրբեջանի համար»։

Загрузка...