Ֆաստ ֆուդն իրենից ի՞նչ է ներկայացնում եւ ինչո՞ւ է այդքան վտանգավոր

136
 Առողջության համար ֆաստ ֆուդի վտանգների մասին նշված է շատ հետազոտությունների արդյունքներում, եւ ամեն տարի նման հետազոտություններն ավելի մեծաթիվ են դառնում: Չնայած դրան, ֆաստ ֆուդի ճաշարանների ցանց կա աշխարհի երկրների մեծ մասում, եւ քանի որ այնտեղ ուտելիքը, որպես կանոն, ավելի էժան է, քան սովորական ռեստորաններում, շատերը նախընտրում են սնվել հենց այնտեղ:

Փորձենք պարզել, թե ֆաստ ֆուդն իրենից ինչ է ներկայացնում եւ առողջության համար ինչ վտանգներ է թաքցնում:

Շեֆ խոհարարի կարիք չկա

Ինչպես պնդում է սննդամթերքի հարցերով մասնագետ, Հայաստանի ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդամթերքի շղթայի վտանգների գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, սովորական ռեստորանից ֆաստ ֆուդի առաջին տարբերությունը շեֆ խոհարարի, ինչպես նաեւ ընդհանրապես խոհարարների բացակայությունն է: Բանն այն է, որ հաստատություններում, որտեղ ֆաստ ֆուդ են մատուցում, խոհարարի կարիք չկա. բոլոր ճաշատեսակները կիսաֆաբրիկատներից են պատրաստում, որոնք բավական է տաքացնել կամ թեթեւակի տապակել: Այս խնդիրը հեշտությամբ լուծում են աշխատակիցները, որոնք միաժամանակ գանձապահի եւ մատուցողի դեր են կատարում:

Հենց սրա շնորհիվ է ֆաստ ֆուդն այդքան հեշտ ու արագ պատրաստվում, բայց սրա հետ են կապված նաեւ այս մթերքների մեծ թվով բացասական հատկությունները:

Այն չի փչանում

Ինչպես արդեն նշվեց, ֆաստ ֆուդը կիսաֆաբրիկատներից են պատրաստում, որոնք, եթե հատկապես ճաշարանների մեծ ցանցերի մթերքներն են, արտադրում են մեծ ֆաբրիկաներում, որտեղից տարբեր երկրներ են ուղարկում: Որպես կանոն, այս կիսաֆաբրիկատները մեծ քանակությամբ կոնսերվանտներ են պարունակում, այլապես «չեն վերապրի» երկարատեւ փոխադրումները եւ երկարաժամկետ պահպանումը:

Հետաքրքիր է, որ հաճախ ֆաստ ֆուդը շատ երկար ժամանակ չի փչանում նույնիսկ պատրաստելուց հետո. հավանաբար ծանոթ եք համանման փորձերի նյութերին՝ նույնիսկ սառնարանից դուրս երկար ժամանակ պահելու դեպքում հայտնի ճաշարանների համբուրգերները նույնպիսի տեսք ունեն, ինչպիսին հենց նոր պատրաստվածները:

Մեջն ամենեւին այն չէինչ կարծում ենք

Ինչպես նշեց Դավիթ Պիպոյանը, երբ մարդը ճաշարանում հավի նագգեթսներ է պատվիրում, նրան թվում է, թե իրեն հավի մսից պատրաստված ճաշատեսակ կմատուցեն: Սակայն ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: «Հավի» նագգեթսների բաղադրության մեջ հավի միսը լավագույն դեպքում կազմում է ընդամենը 50 տոկոս, մնացյալը կաշի է, աղացած ոսկոր եւ էժանագին ենթամթերքներ, որոնք այն դարձնում են ավելի փափուկ, համով գրավիչ, սակայն ավելի վնասակար:

Նույնը կարելի է ասել համբուրգերների կոտլետների մասին. եթե կարծում եք, թե դրանք տավարի մսից են պատրաստված, ապա չարաչար սխալվում եք:

Քաղցկեղածիններ

Ֆաստ ֆուդում մեծ քանակությամբ տրանսճարպեր են պարունակվում, որոնց հասցրած վնասը շատ ու շատ հետազոտություններով է ապացուցվել: Վերջերս ԱՄՆ Նյու Յորք նահանգում տրանսճարպերի օգտագործման սահմանափակումներ են մտցրել, որոնց շնորհիվ, գիտնականների խոսքով, ընդամենը 3 տարում սրտի եւ գլխուղեղի կաթվածների թիվը 6 տոկոսով կրճատվել է:

Ընթացիկ տարվանից ԱՄՆ-ում նախատեսել են տրանսճարպերի օգտագործման ազգային արգելք սահմանել, եւ Yale University-ի գիտնականները վստահ են, որ այս արգելքը կօգնի ապագայում հարյուրավոր ու հազարավոր կաթվածներ կանխել:

Ֆաստ ֆուդի ճաշատեսակների մեծ մասը (կարտոֆիլի ֆրի, կոտլետներ եւ այլն) տապակվում են, ինչը դրանք է՛լ ավելի վտանգավոր է դարձնում. ճաշատեսակները բարձր ջերմաստիճանի պայմաններում պատրաստելու եւ հատկապես ձեթի մեջ տապակելու ընթացքում առաջանում է ակրիլամիդ վտանգավոր նյութը, որը, ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, մեծացնում է քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Ինչպես նշեց Դավիթ Պիպոյանը, հատկապես վտանգավոր է ձեթը բազմակի տաքացնելը. եթե ձեթը 8 ժամ եռացել է (դրա մեջ ինչ-որ բան է տապակվել), ապա հաջորդ օրը այդ ձեթը պետք է նորով փոխարինել: Սակայն սակավաթիվ հաստատություններում են այս կանոնին հետեւում, քանի որ եթե ամեն օր տապակելու համար մի քանի լիտր նոր ձեթ օգտագործեն, սա նկատելիորեն կբարձրացնի պատրաստի արտադրանքի ինքնարժեքը, մինչդեռ աշխատում են ֆաստ ֆուդը հնարավորինս էժան պատրաստել:

Ակրիլամիդը եւ այլ քաղցկեղածին նյութերը հատկապես վտանգավոր են մանկական օրգանիզմի համար, որը դեռեւս թույլ է, չի կարողանում արդյունավետորեն պայքարել վտանգավոր նյութերի դեմ: Հենց այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում երեխաներին չկերակրել ֆաստ ֆուդով եւ նրանց չտալ գազավորված քաղցր ըմպելիքներ:

Նշենք, որ վերամշակված մթերքները, ինչպիսին են նրբերշիկը, ապխտած միսը եւ երշիկը, որոնք հաճախ մտնում են ֆաստ ֆուդի բաղադրության մեջ, ինքնին քաղցկեղածին են համարվում. ԱՀԿ-ն վերջերս այս բոլոր մթերքները մտցրել է այն մթերքների ցանկի մեջ, որոնց օգտագործումը մեծացնում է քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Դրանից բացի, վերջերս University of Maryland School of Medicine-ի գիտնականները պարզել են, որ ոչ առողջ սննդակարգը, որը մեծ քանակությամբ հագեցած ճարպեր կամ քիչ քանակությամբ չհագեցած մոնո- եւ պոլիճարպեր է պարունակում, կանանց կրծքի կոշտացում է առաջացնում, ինչն, իր հերթին, կապված է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ:

Աղ եւ շաքար

Ֆաստ ֆուդը նաեւ ահռելի քանակությամբ աղ ու շաքար է պարունակում. դրանք հավելվում են բոլոր ճաշատեսակներին՝ համն ուժեղացնելու համար: Բնականաբար, շաքարը ճաշատեսակը շատ ավելի կալորիական է դարձնում, իսկ աղի ավելցուկը մի ամբողջ շարք խնդիրների, այդ թվում՝ հիպերտոնիայի առաջացման վտանգի գործոնն է: Ավելին՝ Մասաչուսեթս նահանգի Թաֆթս համալսարանի գիտնականները պարզել են, որ աղի, գերազանցապես ֆաստ ֆուդի օգտագործմամբ չհավասարակշռված սնունդը ԱՄՆ-ում կաթվածի, 2-րդ  տիպի դիաբետի եւ անոթների ու սրտի հիվանդությունների հետեւանքով  մահվան բոլոր դեպքերի կեսի պատճառն է:

Բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ ֆաստ ֆուդը շաքարի, պարզ ածխաջրերի եւ ճարպերի մեծ քանակության պատճառով մեծացնում է նաեւ 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը:

Загрузка...