«Երկիր Ծիրանիի» կանանց բռնի ուժով հեռացնելը ճիշտ էր, նրանց քայլը հարձակում էր Տարոն Մարգարյանի վրա. ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար

113

Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Նահապետյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամների այսօրվա քայլը հարձակում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա:

Հիշեցնենք, որ իրարանցում սկսվեց և ծեծկռտուք տեղի ունեցավ, երբ «Երկիր Ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներով ապակյա տարաներ բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում։

«Սա հարձակում էր մեր ու առաջին հերթին Տարոն Մարգարյանի վրա»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պնդելով, որ նրանք ազոտային թթու էին լցրել տարաների մեջ:

Ըստ Նահապետյանի՝ իր կուսակիցների կողմից կանանց բռնի ուժով հեռացնելը ճիշտ քայլ էր:

«Իսկ ի՞նչ պետք է անեին, դուք ի՞նչ կանեիք, եթե այդ ազոտային թթուն լցնեին իմ երեսին։ Ինքը դուրս չէր գալիս դահլիճից, թողնեինք, որ վերջնական լցներ մեզ վրա՞»,-ասաց նա:

Նահապետյանը սուտ արդարացում է համարում «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամների պարզաբանումը, թե կոյուղաջրի այս հոտը Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն ամեն օր են զգում։

«Իրենք սուտ են ասում, շահարկում են նաև 14 երեխաների ընտանիքի հարցը, որովհետև այդ ընտանիքին առաջին ուշադրությունը դարձնում է քաղաքապետը, քաղաքապետարանը»,-ասաց նա և հայտարարեց, «որ այդ կանայք աննորմալ են»:

Загрузка...