Երևանում և մարզերում անգլերենի ակումբներ են ձևավորվել 9-16 տարեկանների համար

116

Ավարտվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբների ձևավորման ծրագիրը, որն իրականացվում էր ՀՀ կառավարության հանրակրթական ուսումնական հաստատություններում օտար լեզուների զարգացման համատեքստում Բրիտանական խորհրդի կողմից:

Ծրագիրն իրականացվել է Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում:

ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ տարբեր համայնքներում ընտրված թվով 6 դպրոցում բացվել են անգլերեն լեզվի պարապմունքների ակումբներ՝ նախատեսված 9-16 տարեկան երեխաների համար:

Ընդհանուր առմամբ կահավորվել է անգլերենի ուսուցման 10 դասարան՝ ապահովված ժամանակակից կրթական միջավայրով: Նորաբաց անգլերենի խմբակներում ընդգրկված է 800 երեխա՝ յուրաքանչյուր խմբում առավելագույնը 20 սովորող, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Ծրագրի շրջանակում դպրոցների անգլերենի ուսուցիչները մասնագիտական զարգացման վերապատրաստման կուրսեր են անցել Բրիտանական խորհրդում, ինչպես նաև հունվարի 28-ից փետրվարի 2-ը մասնակցել վերապատրաստման դասընթացների Միացյալ ԹագավորությանԷդինբուրգի քոլեջում:

Միաժամանակ ստեղծվել է մենթոր ուսուցիչների աշխատանքային խումբ, որոնք նպատակ ունեն քննարկել դասավանդման մեթոդների, նյութերի ընտրության և անգլերենի արտադասարանական կրթական ծրագրին առնչվող հարցեր՝ հետագայում փորձի տարածումն ապահովելու նպատակով:

Ծրագրում ընդգրկված վերջին դպրոցը, որտեղ տեղի է ունեցել անգլերենի ակումբի բացման հանդիսավոր արարողություն, Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցն էր:

Ծրագրում ընդգրկված դպրոցներից 4-ում՝ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 , Աշտարակի Սմբատ Շահազիզի թիվ 2, Արարատի թիվ 3 և Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցներում հիմնադրվել են երկուական, իսկ Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 և Վանաձորի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոցներում կահավորվել են մեկական անգլերենի ուսուցման կաբինետներ, որոնք ապահովված են անգլալեզու գրականությամբ, էլեկտրոնային ռեսուրսներով, սմարթ գրատախտակներով և նոր կահավորմամբ:

Загрузка...