Վատիկանում կբացվի Գրիգոր Նարեկացու արձանը

202

Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում պատրաստվում է Գրիգոր Նարեկացու արձանը:

Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, քանդակը, որի կառուցումը մոտենում է ավարտին, նվեր է Հռոմի պապի համար և պետք է տեղադրվի Վատիկանում, որտեղ քանդակի հանդիսավոր բացումը կայանալու է ապրիլի 5-ին: Այս մասին չեխական լրատվամիջոցին հայտնել է քանդակի հեղինակ Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանը 77-ամյա ֆրանսահայ քանդակագործ է, որի աշխատանքները կարելի է գտնել տարբեր երկրներում:

Ինչպես աղբյուրը նկարագրում է, բրոնզե քանդակի բարձրությունը 2 մետր է: Գրիգոր Նարեկացին պատկերված է տպավորիչ մորուքով, գլուխը վեր բարձրացրած՝ գրքի՝ նռան և եկեղեցու տեսքով մանրանկարներն ավարտելիս:

Քանդակագործի խոսքով՝ ամենաբարդը Նարեկացու ոգին արտահայտելն է:

Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարի 23-ին Ֆրանցիսկոս պապը Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Այդ տիտղոսը տրվում է ընտրյալ սրբերին, որոնց ուսուցումն ու կյանքը յուրահատուկ կարևորություն ունեն Կաթոլիկ եկեղեցու համար:
Загрузка...