«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը թուրինյան ակումբի մասին փաստագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ խոստովանել է, որ հաճախ է լաց լինում.
«Հաճախ եմ լաց լինում և դա անում եմ միայնության մեջ: Դա թեթևություն է հաղորդում և թույլ է տալիս քեզ մարդ զգալ:
Երբեք լաց չեմ լինում ֆուտբոլի համար: Ֆուտբոլը կարող է վշտացնել, բայց պարտությունների պատճառով լաց չեմ լինում:
Դա ինչ-որ ավելի բարդ և ռոմանտիկ բան է»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
40-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ նախատեսում էր կարիերան ավարտել աշխարհի 2018 թվականի առաջնությունից հետո: Սակայն, Իտալիայի հավաքականը չկարողացավ հայտնվել մունդիալում, ինչից հետո Բուֆոնը հայտարարեց, որ ավարտում է միջազգային կարիերան:
«Յուվենտուսի» ներկայիս դարպասապահի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: