Արտասահմանյան գրականության ժամերը չեն կարող պակասել. ԿԳ նախարարը դեմ արտահայտվեց ԵՊՀ գիտխորհրդի որոշմանը

164

Արտասահմանյան գրականության ժամերը չեն կարող պակասել, որովհետեւ դա շատ անհրաժեշտ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով փաստին, որ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում զգալիորեն նվազել են «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասաժամերը:

Նախարարի խոսքով, արտասահմանյան գրականությունը միշտ կարեւոր առարկա է եղել: Ես մասնագիտորեն չեմ տիրապետում, բայց եթե մենք դպրոցում չանցնեինք անգլիական կամ ամերիկյան գրականություն անգլերենով, հավատացեք, շատ բան կպակասեր լեզվական մտածողությունից: Մենք պետք է այնպես անենք, որ լեզուն երեխաներին եւ ուսանողներին գրավի: Իսկ գրավելու ավելի լավ ձեւ, քան գրականությունն ու արվեստն են, չկա»,-ընդգծեց Լեւոն Մկրտչյանը:

Հարցին, թե այդ դեպքում՝ ինչու են կրճատվում այդ առարկայի ժամերը, նախարարը պատասխանեց. «Դա իրենց ծանրաբեռնվածության խնդիրն է, ես կհետաքրքրվեմ, բայց դա ամբողջությամբ բուհի, նույնիսկ ֆակուլտետի խնդիրն է: Ֆակուլտետի գիտխորհուրդը պետք է դա որոշի»:

Հիշեցնենք, որ վերջերս ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է զգալիորեն ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասաժամերը: Բացյ այդ, այսուհետ ֆակուլտետը կոչվելու է լեզուներ եւ հաղորդակցություն։ Ուսանողներն ընդվզում են դրա դեմ եւ այս օրերին «Մի կրճատեք արտասահմանյան գրականությունը» պահանջով թռուցիկներ են բաժանել: Դասախոսներն ու ուսանողները մտավախություն ունեն, որ եթե արտասահմանյան գրականության պատմությունը հիմնական առարկա չէ այլեւս, ամբիոնը կարող է կանգնել փակման վտանգի առջեւ, ինչը, ըստ դասախոսների, ուղղակիորեն հանգեցնելու է ուսանողների թվի նմազման։

Загрузка...