Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով

164

Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը դեղատներում կվաճառվեն բացառապես դեղատոմսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերի մասով դեղատոմսը պարտադիր կլինի հուլիսի 1-ից: «Դեղատոմսով դուրս գրվող 2700 անուն դեղերը հոկտեմբերի 1-ից կարգելվի ձեռք բերել առանց դեղատոմսի»,-ասաց նա:

Խաչատրյանի խոսքով` դեղերի դեղատոմսով դուրս գրման պահանջը երբեւիցե հանված չի եղել, այլ խնդիր է, որ այս պահանջը կատարվել է ոչ լիարժեք: «Որոշակի դեպքերում դա կայացել է խախտումով: Նոր օրենքի սահմաններում մենք նոր կարգ ենք մշակել եւ այդ կարգով ավելանում են վերահսկման գործառույթներ»,-ասաց նա:Փոխնախարարը նշեց, որ նախկինում բժիշկները դեղերը դուրս են գրել թղթերի վրա: Նոր օրենքով, սակայն, կա դեղատոմսի հստակ ձեւ, որի վրա պետք է գրված լինի միայն հայերեն կամ լատինատառ: « Ռուսերեն լեզվով դեղատոմսերը եւս հաշվի չեն առնվի: Դեղատոմսով բաց թողնվող դեղերը հրապարակված են»,-հավելեց բանախոսը:

Նոր օրենքով` բժիշկները դեղատոմս գրելով ապահովում են հիվանդի կողմից դեղերի ճշգրիտ եւ կանոնակարգված օգտագործումը: Հիվանդի համար ապահովվում է բժշկի կողմից հիվանդի համակողմանի հետազոտում եւ ախտորոշում, ինչպես նաեւ բուժման նկատմամբ պատասխանատվություն: «Դեղատների աշխատակիցները դեղը դեղատոմսով բաց թողնելով՝ իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնի անհարկի կամ հավելյալ դեղեր նշանակելու »,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Մարտի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:Հայաստանում գրանցված 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողման ենթակա է 2700-ը:

Загрузка...