2018-ին ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսի համակարգ կներդվի

167

2018 թվականին Հայաստանում կներդրվի էլեկտրոնային դեղատոմսի համակարգ, որը թույլ կտա քաղաքացիներին ավելի արագ և հարմար կերպով դեղամիջոցներ գնել: Times.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի ղեկավար Վարդան Գևորգյանը:

Ըստ նրա, քաղաքացիները ստիպված չեն լինի թղթային տարբերակով դեղատոմսերը փոխանցել դեղատներին. դրանց համար հասանելի կլինի բժշկի դուրս գրած էլեկտորնային դեղատոմսը:

«Բժշկի դուրս գրած դեղատոմսը էլեկտրոնային համակարգում կլինի անձնավորված, ցուցված տվյալ քաղաքացուն: Քաղաքացին պետք է այցելի դեղատուն և տրամադրի իր տվյալները, իսկ դեղատան աշխատակիցը դրանք կմուտքագրի համակարգում և հնարավորություն կունենա տեսնել դուրս գրված դեղատոմսը»,- ասել է Գևորգյանը:

Անդրադառնալով Հայաստանում էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմանը, հանձնաժողովի ղեկավարը հայտնել է նաև, որ գործարկվել է armed.am կայքը, որի միջոցով կատարվում են գրանցումներ:

«ՀՀ քաղաքացիները կարող են համակարգ մուտքը գործել և ծանոթանալ իրենց էլեկտրոնային անկետային: Դա թույլատրվում է ID քարտերի միջոցով, որոնցով մուտք գործելու կարիք կա միայն առաջին անգամ: ID քարտերով մուտք գործելու պահանջը կատարվել է անվտանգության նկատառումներից ելնելով»,- եզրափակել է նա:

2018-ի մարտի 1-ից հորմոնալ պրեպարատները, հակաբիոտիկները և պրոտեին պարունակող դեղամիջոցները դեղատներից հնարավոր կլինի գնել միայն բժշկի դուրս գրած դեղատոմսով: Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում գրանցված 4723 դեղից 3632-ը վաճառվելու է դեղատոմսով:

Загрузка...