«Դեղերի թանկացում կլինի». Արթուր Աթոյան

257

«Տնտեսվարողների ու սպառողների» հ/կ նախագահ Արթուր Աթոյանի կարծիքով, մարտի մեկից դեղատներից դեղերի ձեռքբերումը դեղատոմսերով դարձնելու որոշումը քաղաքացիներին բժշկական ծառայություններից օգտվելու ուղղորդման քայլ է:

«Բժշկի ամեն մի խորհրդատվություն արժե հինգ հազար դրամ, սա ուղղորդում եմ համարում դեպի բժշկական համակարգ, հատկապես այն բժշկական համակարգ, որը պահանջարկ չունի»,- կարծում է Արթուր Աթոյանը:

Ըստ նրա՝ իշխանությունների քայլերը պետք է ուղղված լինեն քաղաքացիների բեռը թեթեւացնելուն, այլ ոչ թե լրացուցիչ բեռ ավելացնելուն. «Հարեւան Վրաստանում երեք տարի առաջ նույն ձեւով ներդրվեց որոշակի դեղերի խմբաքանակ դեղատոմսերով բաց թողնելու համակարգը, բայց այսօր նորից այդ նույն դեղերը վաճառվում են առանց դեղատոմսերի մի քիչ ավելի թանկ, հետո վաճառված դեղորայքի դիմաց ծանոթ բժշկին վճարում են, որ իրենց առեւտուրը չտուժի:

Սա արդյունավետ միջոց չէ, սա մեր ժողովրդին օգուտ չի բերելու դեղորայքի հետ կապված լրացուցիչ շահ ստանալու միտում ունի, դեղերի թանկացում է տեղի ունենալու, որովհետեւ պետք է վճարել այն բժշկին, որից դեղատունը դեղատոմս է վերցնում իր վաճառած դեղն օրինականացնելու համար»:

Արթուր Աթոյանի խոսքով, այս օրենքից առաջ պետք էր հատուկ ուշադրություն դարձնել բուժսպասարկման որակի բարձրացման, որակյալ բժիշկներով համակարգը հագեցնելու ու դեղերի շուկայում խիստ վերահսկողությունս սահմանելու վրա. «Որովհետեւ մեր հայկական շուկայում վաճառվող դեղերը իրենց նշանակությանը չեն էլ ծառայում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Загрузка...