«168 ժամ». «Պատերազմի սպառնալիքը դիվանագիտության ավանդական գործիք է»

161

«168 ժամ» թերթը գրում է. «Երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետեւյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների վերջերս հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Երեւանը, Զանգեզուրը եւ Սեւանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, եւ ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողերը»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,- ընդգծել էր Իլհամ Ալիեւը:

Նրա այս հայտարարությանը հաջորդել էր Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտության գոտում պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի:

Նախ խոսելով Ալիեւի պատմական տարածքային հավակնությունների մասին` Մեթյու Բրայզան փորձեց բացատրել, թե ինչ է, ամենայն հավանականությամբ, նկատի ունեցել Ադրբեջանի նախագահը:

Մեթյու Բրազյայի խոսքով՝ այդ հայտարարություններն արտացոլում են Ռուսաստանի կայսրության կազմում Երեւան գուբերնիայի (մարզ) հիշողությունը, որը ձեւավորվել էր 19-րդ դարի կեսերին:

«Իմ ընկալումն այն է, որ մինչ Երեւան գուբերնիայի բնակիչների մեծամասնությունը հայեր էին, որոշ շրջաններ, այդ թվում՝ ինքնին Երեւանը, ուներ ադրբեջանական մեծամասնություն՝ համաձայն 1897 թվականի Ռուսական կայսրության մարդահամարի արդյունքների: Այնուամենայնիվ, երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետեւյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»,- ասաց Մեթյու Բրայզան:

Անդրադառնալով Հասանովի հայտարարությանն ու այս փուլում ադրբեջանական կողմից պատերազմ սկսելու մասին խոսակցություններին` դիվանագետն ասաց, որ հավանական չէ, որ ադրբեջանական կողմը նոր պատերազմ նախաձեռնի, հատկապես, երբ նախագահական ընտրություններն են մոտենում:

«Միեւնույն ժամանակ՝ չգիտեմ, թե Պաշտպանության նախարար Հասանովն ինչ է ունեցել մտքին՝ անելով հայտարարություն, որը Դուք եք մեջբերում: Ճիշտ է, որ ռազմական հակամարտությունը կարող է բռնկվել ցանկացած պահի շփման գծում:

Միեւնույն ժամանակ՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը կպահանջի էական ժամանակ եւ ջանքեր՝ տեղաշարժելու համար ծանր սպառազինությունն ու զորքերի մեծ քանակը նախատեսված վայր: Պատերազմի սպառնալիքը, այնուամենայնիվ, դիվանագիտության ավանդական գործիք է, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ հիշեցնում է Հարավային Կորեայի կոնտեքստում»,- ասաց Մեթյու Բրայզան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...