Սպիտակ տունը հաստատել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու Թրամփի համաձայնությունը

152

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նրա խոսքով՝ հանդիպման ժամկետը եւ վայրն ավելի ուշ կհամաձայնեցվեն, մինչ այդ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ու ճնշումը կպահպանվեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դրանից 1,5 ժամ հետո Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ըյ Յոնը Վաշինգթոնում լրագրողներին հայտնել է, որ Կիմ Չեն Ընը պատրաստ է ապամիջուկայնացմանն ու Թրամփի հետ անձամբ հանդիպելուն, որը համաձայնվել է հանդիպումն անցկացնել մինչեւ մայիս:

«Նա (Թրամփը) կընդունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հրավերը այնտեղ եւ այն ժամանակ, որոնք կորոշվեն: Մենք անհամբերությամբ սպասում ենք Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը: Այդ ընթացքում բոլոր պատժամիջոցները եւ առավելագույն ճնշումը պետք է պահպանվեն»,- նշված է Սանդերսի հայտարարության մեջ:

Այս շաբաթ ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Հարավային Կորեայի կառավարական պատվիրակության եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ Փհենյանում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հյուսիսկորեական կողմը հաստատել էր «Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն իր հավատարմությունը եւ հասկացրել, որ ինքը միջուկային սպառազինություն ունենալու պատճառներ չի ունենա Հյուսիսային Կորեայի համար ռազմական սպառնալիքների բացակայության եւ հյուսիսկորեական ռեժիմի պահպանման երաշխիքների դեպքում»:

 

Загрузка...