Գողացված բանկային քարտով գումար են կանխիկացրել

418

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի  քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 23-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ գողացել է քաղաքացուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար եւ բանկային քարտ: Պարզվել է, որ նույն օրը քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի  քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես են մի տղամարդ եւ կին գողացված քարտով բանկոմատով գործարք կատարում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու եւ նրանց մոտ այլ քաղաքացու բանկային քարտի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

 

Загрузка...