«Լույսի» կրթաթոշակառուներն այսուհետ ուսումից հետո պետք է ՀՀ վերադառնան և առնվազն 3 տարի աշխատեն

96

«Լույս» հիմնադրամը, որի շնորհիվ հայ երիտասարդները կարող են կրթություն ստանալ աշխարհի լավագույն բուհերում, կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ է ընդունել՝ ռազմավարական փոփոխություններ իրականացնելով հիմնադրամի աշխատանքում: Այսուհետ կրթաթոշակառուներինպայման է առաջադրվելու ուսման ավարտից հետո Հայաստան վերադառնալ:

2017 թ․ հուլիսին՝ «Լույսի» համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել էր, որ Հիմնադրամի աշխատանքում ռազմավարական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է։

Հայտարարությանը հաջորդած ամիսների ընթացքում «Լույսը» կատարել է 2009-ից ի վեր իր բոլոր գործառնությունների խոր ուսումնասիրություն։ Արված վերլուծության հիման վրա «Լույսի» գիտական խորհուրդը որոշում է կայացրել ընդունել Կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ․ ռազմավարական այս նոր մոտեցումը թույլ կտա ավելի նպատակաուղղված ծառայել Հայաստանի և ողջ Հայկական աշխարհի զարգացմանը, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Հիմնական փոփոխությունները վերաբերում են.

• կրթաթոշակառուներին առաջադրվող պայմաններին (օրինակ՝ այսուհետ կրթաթոշակառուներին պայման է առաջադրվելու ուսման ավարտից հետո Հայաստան գալու և առնվազն երեք տարի այստեղ ապրելու/աշխատելու),

• Հայաստանի և սփյուռքի երիտասարդների համար նախատեսված կրթաթոշակային տեղերի քանակային հարաբերակցությանը,

• տրամադրվող կրթաթոշակի հաշվարկման չափանիշներին։

Ապրիլի 1-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին), կմեկնարկի 2018-2019 ուստարվա համար «Լույսի» կրթաթոշակի առցանց հայտադիմումների ընդունման փուլը։

Կատարված փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն է հրապարակվել դեռևս 2017 թ․ աշնանը։

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին․լինի հայ՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ կամ ունենա հայկական արմատներ, «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան, ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։

Загрузка...