Որոնք են երեխաների մոտ մենինգիտի հիմնական ախտանշանները

166

Մենինգիտը հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում են գլխուղեղի և ողնուղեղի թաղանթները: Հիվանդության առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն դրա տարբեր տեսակների ախտանշանները, որպես կանոն, նման են լինում: Սա շատ վտանգավոր հիվանդությունը է՝ հատկապես երեխաների համար, իսկ դրա բարեհաջող բուժումը կախված է ժամանակին հացսված բուժօգնությունից:

Համարվում է, որ այս հիվանդությունը հաճախ ախտահարում է երեխաներին, ուստի շատ կարևոր է, որ ծնողները կարողանան ժամանակին հայտնաբերել այն ու իմանան, թե որ ախտանշանների դեպքում է հարկավոր շտապ դիմել բժշկին:

Մենինգիտի ախտանշանները

Տենդ

Մենինգիտի ախտանշաններից մեկը կտրուկ սկսված տենդն է, որի դեպքում երեխան սկսում է դողալ ու մրսել: Հիվանդի մարմնի ջերմաստիճանը շատ արագ բարձրանում է և այն իջեցնելը շատ դժվար է լինում:

Սակայն այս ախտանշանը կարող է վկայել նաև մի շարք այլ հիվանդությունների մասին, ուստի հարկավոր է ուշադրություն դարձնել երեխայի վիճակին և այլ ախտանշանների առկայությանը:

Ուժգին գլխացավ

Մենինգիտի դեպքում գլխացավը հաճախ անտանելի է լինում: Ընդ որում՝ հաճախ ցավը տարածվում է նաև պարանոցի հատվածում, սակայն սարսափելի գլխացավի պատճառով նա կարող է չնկատել դա: Նորածինների մոտ բոնորոշ ախտանշան կարող է լինել նաև ուռուցիկությունը գաղտտունի հատվածում:

Պատկերի երկակիություն

Մենինգիտի դեպքում հիվանդը դժվարանում է կենտրոնացնել հայացքը, ինչի հետևանքով առաջանում է պատկերի երկակիություն:

Որովայնի ցավեր, սրտխառնոց ու փսխում

Այս հիվանդությունը բնորոշվում է նաև ախորժակի կորստով, ինչը մասամբ պայմանավորված է լինում մշտական սրտխառնոցով: Ընդ որում՝ սրտխառնոցը կարող է ուղեկցվել որովայնի ցավերով ու փսխումով:

Լույսի հանդեպ գերզգայունություն

Հիվանդության ախտանշաներից մեկը լույսի հանդեպ գերզգայունությունն է, որի հետևանքով նկատվում է արցունքահոսություն, ինչպես նաև ուժեղանում են սրտխառնոցն ու գլխացավը:

Ծոծրակի մկանների ռիգիդություն

Մենինգիտի բնորոշ ախտանշաններից մեկն է հիվանդի դիրքը. նա հաճախ պառկած է լինում կողքի վրա՝ գլուխը ետ տարած և ոտքերը ծալած: Ընդ որում՝ նա ոչ մի կերպ չի կարողանում ուղղել պարանոցը:

Ծալված ոտքեր

Անգամ եթե ստացվում է մենինգիտից տառապող երեխայի գլուծը մոտեցնել կրծքին, նա անմիջապես ծալում է ոտքերը, որոնք ուղղելն այդ դիրքում անհնար է լինում: Այս երևույթն անվանվում է Բրուձինսկու վերին ախտանիշ: Բացի այդ, մենինգիտի դեպքում կարող է ի հայտ գալ նաև Կերնիգի ախտանիշ, որի ժամանակ հիվանդը չի կարողանում ուղղել ոտքը, եթե այն ծալված է (90°)

Մաշկային ցան, որը չի գունատվում

Այս հիվանդության դեպքում կարող է առաջանալ նաև մաշկային ցան, որը կարելի է տարբերել հասարակ ցանից մի պարզ թեստի օգնությամբ: Հարկավոր է վերցնել թափանցիկ ապակուց պատրաստված բաժակ, մոտեցնել այն ցանով ախտահարված մաշկին և մի փոքր սեղմել, որպեսզի մաշկը գունատվի: Եթե մաշկի հետ մեկտեղ գունատվում է նաև ցանը, ապա անհանգստանալու կարիք չկա, մինչդեռ հակառակ դեպքում հարկավոր է շտապ դիմել մասնագետին:

Ինչ է հարկավոր անել մենինգիտի դեպքում

Մենինգիտը շատ վտանգավոր հիվանդություն է, ուստի դրա ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն զանգահարել, իսկ մինչ բժշկի գալը ապահովել հիվանդի հանգիստը և ազատել նրան աղմուկից ու լույսից:

Ժամանած բժշկին հարկավոր է անպայման նկարագրել երեխայի մոտ առկա ախտանշանները: Անհրաժեշտության դեպքում հիվանդը պետք է հոսպիտալացվի, քանի որ արդյունավետ բուժումը հնարավոր է անցկացնել միայն ստացիոնար պայմաններում:

Նյութի աղբյուրը՝ makataka.su

Загрузка...